news.am։ Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Խաֆթարը տեսաուղերձով իր զորքերին հրամայել է հարձակվել երկրի մայրաքաղաք Տրիպոլիի վրա: Լիբիայում երկիշխանություն է. երկրի մի մասը վերահսկում է կառավարությունը, մյուսը՝ խորհրդարանը եւ Խաֆթարի բանակը:
«Մենք Աստծո կամքով կշարունակենք ընթանալ հաղթական երթով, մեր պայքարը շարունակվում է: Մենք այսօր, ինչպես եւ խոստացել էինք, պատասխանում ենք Տրիպոլիում մեր մարդկանց կոչին, քանի դեռ նրանց համբերությունը չի հատնել»,- նշված է 75-ամյա ֆելդմարշալի ուղերձում, փոխանցում է BBC-ն:
Տեսանյութը վերնագրված է «Տրիպոլիի ազատագրման գործողություն», որում Խաֆթարն ասում է, որ գործողությունը լիբիացի ժողովրդի պահանջի պատասխանն է՝ «քաղաքում գրոհայինների եւ ահաբեկիչների իշխանությանը վերջ տալու մասին»: Խաֆթարը նաեւ Տրիպոլիի բնակիչներին կոչ է արել «զենքերը վայր դնել եւ սպիտակ դրոշ բարձրացնել», նա հրամայել է խաղաղ բնակիչների եւ արտասահմանցիների վրա չկրակել: