«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը քիչ առաջ անդրադարձավ իր նկատմամբ հարուցված քրեական գործին:
«Անցած տարի «Սպայկա» ընկերությունում կատարվել է քննչական խմբի կողմից ստուգումներ, որից հետո մեր կողմից եղել է 2մլդ 45 մլն դրամի չափով շահութահարկի մասով հարկի վճարում: Այդ հարկը մինչև 2018 թ դեկտեմբերի վերջ մասնակի վճարվել է, որից հետո մինչև հունվարի 17-ը ամբողջությամբ է վճարվել: Սեպտեմբեր ամսին այդ քրեական գործը կարճվել է ՊԵԿ-ի քննչական կառույցի կողմից: Երեկ ես անակնկալի եկա, որ հրավիրվել եմ ՊԵԿ քննչական խումբ: Եվ միանգամից պատրաստի վիճակում՝ մեծ հատորով, չեն չարչարվել, որ տպեն, ներկայացրել են կալանքի միջնորդություն, որը այսօր՝ ժամը հինգին, քննվելու է դատարանում»,- ասաց նա:
Դավիթ Ղազարյանը խոսեց նաև այս տարվա ներդրումների մասին, որոնք քրեական գործի պատճառով չեղարկվել են:
«100 միլիոն դոլլարը, դուք կարող եք ստուգել, երկուշաբթի օրը պետք է նստեր մեր հաշվին, որը հազար աշխատատեղ էր ստեղծում նոյեմբեր ամսին, իսկ մինչև նոյեմբերը հինգ հարյուր հոգի աշխատելու էր շինարարական աշխատանքների վրա: Բայց ես երեկոյան զանգ ստացա Եվրասիական զարգացման բանկից, և ինձ ասացին, որ մենք ժամանակավորապես կանգնեցնում ենք ձեր ֆինանսավորումը, քանի որ ձեզ հետ կապված կա քրեական հետապնդում»,- ավելացրեց Դավիթ Ղազարյանը:
Նա նաև նշել է, որ չի քաղաքականացնում հարցը, և որ ընկերությունն իրենից բացի այլ սեփականատեր չունի:
«Որոշ ժամանակ առաջ ունեցել ենք համասեփականատեր՝ Ռոզա Ստեփանյան անունով», – ասել է Ղազարյանը՝ հավելելով, որ ընկերությունը երբևէ կապ չի ունեցել ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: