ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Ստեղծել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ:
Հաստատել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի», – ասած է որոշման մեջ։
Համաձայն որոշման՝ խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի խոստումներից է Հայաստանի բնակչության թվի՝ առաջիկա 20 տարիներին կրկնապատկումը:
«Իմ քայլն» այս խնդրի լուծման կարեւորագույն միջոցներ է համարում ՀՀ-ից տեսանելի արտագաղթի դադարեցումը, հին եւ նոր սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի ՀՀ հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:
2018 թվականի դեկտեմբերի վերջի արդյունքներով՝ Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 972 հազար:
2018-ին ժողովրդագրական իրավիճակի առումով արձանագրվել են դրական միտումներ, մասնավորապես՝ մեկնումների և ժամանումների տարբերությունը (սահմանահատումների սալդո) 2017-ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018-ին՝ պլյուս 15 հազար 313: