aysor.am: Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքի նախագիծը։
Հանձնաժողովը նաև որոշեց ԱԺ խորհրդին առաջարկել նախագիծն ընդգրկել ԱԺ լիագումար նիստի օրակարգ։
Օրինագիծը, հիշեցնենք, որը հեղինակել էր այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մի քանի տարի է՝ խորհրդարանի օրակարգային հարց է դառնում, քննարկվում էր, բայց չէր ընդունվում։
Օրինագծով իշխանական պատգամավորներն առաջարկում են Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում։
«Նախագծի ընդունումն ունի հասարակական-քաղաքական նշանակություն, քանի որ այն համահունչ է Ազգային ժողովի օրակարգում գտնվող անցումային արդարադատության շրջանակներում ձեռնարկվելիք այն միջոցառումների և հնարավորությունների ստեղծման նպատակին, որոնք նպատակուղղված են վերականգնել պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը, քաղաքացիական համերաշխությունը, քաղաքացիների սահմանադրական խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանն է ուղղված», – նախագիծը ներկայացնելիս ասաց Լենա Նազարյանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այդ իրադարձություններից 11 տարի անց տուժած մարդիկ պատշաճ ուշադրության չեն արժանացել ու տարիներ շարունակ ու մինչև այժմ սոցիալական, հոգեբանական ու առողջական խնդիրներ ունեն։ Նա նկատեց, որ այդ իրադարձություններից տուժած որոշ անձանց, մասնավորապես, ոստիկաններին, աջակցություն տրամադրվել է, ինչը տարբերակված մոտեցում է:
«Ես ստացել եմ տեղեկանք, որի համաձայն, եղել են անձինք, ովքեր մեծ աջակցություն են ստացել ու հիմա էլ նպաստի տեսքով ստանում են։ Իսկ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես աջակցություն չեն ստացել։ Կարծում եմ՝ տարբերակված մոտեցումն անընդունելի և անարդար է ու այս նախագիծը ուղղված է արդարության վերականգնմանը», – նշեց Նազարյանը։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ նախագիծը մշակվել է իր ղեկավարած գերատեսչության հետ համատեղ։ Նրա խոսքով՝ օրենքով նախատեսված հատուցման չափը, կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ և առաջարկեց օրինագծում ավելացնել, որ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք, դիմումը կարող են ներկայացնել կառավարություն՝ որոշումն ուժի մեջ մտնելուց 3 տարի հետո։