Գյումրիի երեք բուժհաստատությունների միավորման գործընթացը կավարտվի ամռանը․հերթը ինֆեկցիոն հիվանդանոցինն է |shantnews.am|

shantnews.am: «Գյումրի» բժշկական կենտրոնին Գյումրիի  ծննդատան, ՈՒռուցքաբանական դիսպանսերի և Պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի միավորման գործընթացը  կավարտվի  ամռանը։Երեք բուժհաստատությունները կշարունակեն գործել իրենց շենքերում,բայց  մատուցվող ծառայությունների ավելի լայն հնարավորություններով։


Երեք  բուժհաստատությունների միավորումը բժշկական կենտրոնին նույն պատճառներն ունի՝ շենքային ոչ բարվոք պայմաններ, բուժսարքավորումների պակաս և ֆինանսական խնդիրներ։ Գյումրիի ծննդատանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում կենտրոնի  տնօրեն Արմեն Իսահակյանը  ներկայացրել է միավորման արդյունքում սպասվող փոփոխությունները։

Միայն Գյումրիի ծննդատան պարտքն այս տարիների ընթացքում հասել է մինչև 120 միլիոն դրամի,միավորման գործընթացի 3 ամիսներին հաջողվել է պարտքերի որոշակի մաս կրճատել։

«120 միլիոնից մոտ 15 միլիոնը  ծննդատան հարկային պարտավորություններն էին, որն էս պահի դրությամբ դարձել է զրո, մենք ունեցել ենք աշխատավարձերի ուշացումներ, հիմա դա ևս չկա, մենք արդեն  փակել ենք, նաև կատարել ենք հսկայական վերանորոգման աշխատանքներ»,- ընդգծել է «Գյումրի»ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։

Վերակազմակերպումը  չի նախատեսում երեք բուժհաստատությունների   տեղափոխություն,բուժպասարկումը  կշարունակեն իրենց շենքերում, որոնք վերանորոգման խիստ անհրաժեշտություն ունեն։ Գյումրիի ծննդատանն արդեն որոշ աշխատանքներ կատարվել են, նորոգումներ են եղել  հիվանդասենյակներում և  վիրահատարաններում:

Նախատեսում են այստեղ իրականացնել նաև բարդ ու եզակի լապորոսկոպիկ ու օնկոլոգիական վիրահատություններ, որոնք մարզում երբևէ  չեն կատարվել։ Ծառայությունների որակի փոփոխության արդյունքում ակնկալում են ծնունդների թվի ավելացում։

Նախատեվում է ուռուցքաբանական դիսպանսերից կենտրոն տեղափոխել միայն վիրահատական բաժանմունքը, իսկ մյուս ծառայությունները կմատուցվեն  տեղում։ Օպտիմալացման ծրագիրը չի ենթադրում բուժանձնակազմերի կրճատում, ըստ Արմեն Իսահակյանի, կրճատումներ են սպասվում միայն վարչական մասում։

Բժշկական կենտրոնի հետ միավորման հաջորդ և ընթացիկ ծրագիրն արդեն վերաբերում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցին, որի գործընթացի ավարտ ժամկետ նշվում է օգոստոսը։ Արդյունքում, բոլոր ինֆեկցիոն պաթոլոգիաներով հիվանդները կկենտրոնացվեն ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ նախատեսվում է բացել նաև վերակենդանացման բաժանմունք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով