Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Լիտվայի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ երկկողմ ու բազմակողմ ձևաչափով: «Որպես ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցությունը, նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում», – ասել է նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հետպատերազմական դժվարին ժամանակաշրջանում Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը՝ ի շահ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության:
Արտգործնախարար Լանդսբերգիսը նշել է, որ Լիտվան զորակցում է հայ ժողովրդին պատերազմի, կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման գործում և պատրաստ է, նաև որպես ԵՄ անդամ, սատարել այս գործընթացին, հումանիտար օժանդակություն ցուցաբերել: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարևորում է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը և այդ գործընթացում առավել ակտիվ ներգրավվումը: