armtimes.com: Այսօր՝ ապրիլի 13-ին, սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորից Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ տղայի, որը Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել այսօր կեսօրին՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ ռեանիմատոլոգ Հովսեփ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիվանդն ընդունվել է գիտակցության կորստով.
«Առավոտյան ջերմության բարձրացում է ունեցել, ցնցումներ է ունեցել, գիտակցությունը կորցրել, եղել է կոմայի մեջ: Անհրաժեշտ բուժօգնությունից հետո գիտակցությունը վերականգնվել է, կայունացել է»,-ասաց նա՝ նշելով, որ հիվանդը տարիներ առաջ գանգուղեղային տրավմա է ստացել, բուժումից հետո դեֆեկտ է առաջացել ճակատոսկրի շրջանում, որի պատճառով վարակ է տարածվել դեպի գլխուղեղ: Արդյունքում ախտորոշվել է վարակային բորբոքում:
Անհրաժեշտ առաջնային գործողություններից հետո որոշում է կայացվել հրավիրել սանավիացիայի ուղղաթիռ՝ երիտասարդին շտապ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխելու համար:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ուղղաթիռն իր գործարկման կարճ ժամանակահատվածում արդեն չորրորդ հիվանդին է բարեհաջող տեղափոխում։