Սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը ժողովրդին վերադարձնելու համար. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության հրապարակում եզրափակիչ հանրահավաքին շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներից, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանակ  օգնել են իրենց, ներկայացրել են խնդիրները, ոգևորել են պայքարի ընթացքում: Քոչարյանը նշեց, որ հիմա շատ ավելի լավ գիտեն, թե ինչպես են ապրում քաղաքացիները, ինչի կարիքը ունեն, ինչ խնդիրներ են կանգնած երկրի առջև:

«Բայց մեկ կարևոր արձանագրում՝ մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով: Ժողովուրդ ջան, նաև մեկ բան ենք հասկացել, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար»,- ընդգծեց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը նաև ներկայացրեց չորս հիմնական խնդիրները, որոնք կանգնած են երկրի առջև:

«Առաջինը՝ երկրի պաշտպանությունն է և սահմանների անվտանգությունը, երկրորդը՝ Ղարաբաղի ապագան է, երրորդը՝ երկրի տնտեսական վիճակն է, գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը, չորրորդը՝ ներքաղաքական գերլարված մթնոլորտը, ատելությունը: Այս ընտրությունը ընտրություն է մի կողմից արժանապատիվ խաղաղության և մյուս կողմից ծնկաչոք խայտառակության միջև, տնտեսական վերելք ունենալու և տնտեսական ճգնաժամը խորացնելու միջև, համերաշխության և թշնամանքի միջև: Մենք մերժում ենք բոլոր այն երևույթները, որոնք մեզ հասցրել են այս տխուր իրավիճակին»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ իրենց թիմն ունի փորձ, գիտելիքներ, վճռականություն եւ կամք:

Քոչարյանը կոչ արեց ստահել իրենց քաղաքական ուժին, տալ հնարավորություն՝ պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար, առաջ մղել այն բոլոր ուղղություններով, վերականգնել բանակի հզորությունն ու վերածնել տնտեսությունը:

Հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները և համակիրները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Երթը գլխավորեցին «Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով