Պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ քննարկում Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ

Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Մարտիրոսյանը, Արարատի մարզպետ Ռ․ Թևոնյանը և Արմավիրի մարզպետ Հ․ Մաթևոսյանը։
 
Քննարկմանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացվել է տեղեկանք, համաձայն որի Արաքս գետի ամբողջ երկայնքով գործում են 16 օգտակար հանածոյի արդյունահանման և 3 երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընկերություններ։
 
Արաքս գետի ավազանում տեսչության կողմից իրականացվել են չափագրման աշխատանքներ, որոնց արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն։
Возможно, это изображение (1 человек и сидит)
Դատախազության գործիքակազմով ձեռնարկված միջոցառումների արդյունքում, համագործակցելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության հետ, արձանագրվել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, Արաքս գետի ավազանում ընդերքօգտագործում իրականացնող 8 տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասերից դուրս ընդերքի ապօրինի շահագործման՝ տասնյակ հազարավոր խորանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման, հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքեր:
 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու, 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման կանոնները խախտելու, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ:
 
Հարուցված քրեական գործերով, ընդհանուր առմամբ արձանագրվել են շուրջ 312 հազար խորանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքեր, որոնցով նախնական հաշվարկներով պետությանը պատճառվել է շուրջ 143 մլն. դրամի վնաս, իսկ շուրջ 113 հազար քառակուսի մետր տարածքներում արձանագրվել են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, դրանցով բնությանը ընդհանուր առմամբ շուրջ 10 մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր:
 
Հարուցված քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
 
Արարատի և Արմավիրի մարզպետները ներկայացրել են այն խնդիրների համալիրը, որն առաջ է բերում ապօրինի ընդերքօգտագործումը․ թե՛ Արաքս գետի հունի փոփոխման, թե՛ լանդշաֆտի և հողերի դեգրադացման տեսանկյունից։
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հորդորել է գործընկերներին խնդիրը քննարկել երկու հարթություններում և ստեղծել լուծումների նախադրյալներ՝ յուրաքանչյուրն իր գործիքակազմով ու լծակներով ներազդելով դրա օր առաջ կարգավորմանը։
 
Առաջինը Արաքս գետի հունի անխաթարության պահպանումն է, որը հանդիպմանը ներկա շրջանակի լիազորություներից ավելի վեր լիազորություններ է ենթադրում, երկրորդը՝ ավազի հանքերի շահագործման կանոնակարգումն է։
 
Այս թեմայի շուրջ աշխատանքային հանդիպումները կրելու են պարբերական բնույթ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով