ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են պատվաստանյութի նոր խմբաքանակներ Հայաստանին տրամադրելու հնարավորությունները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հեռախոսազրույց են ունեցել։ 

Միխայիլ Մուրաշկոն շնորհավորել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն՝ ուղղված Հայաստանի բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը: Ռուս գործընկերն ընդգծել է, որ առողջապահական ոլորտի բազմաթիվ առանցքային հարցերում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարող է հիանալի հենասյուն ծառայել: 

Զրույցի ընթացքում ՀՀ և ՌԴ  առողջապահության նախարարներն անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին։ 

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում հաջողությամբ կիրառվում է ռուսական արտադրության «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութը։ Կողմերը քննարկել են նոր խմբաքանակներ Հայաստանին տրամադրելու հնարավորությունները։

Հեռախոսազրույցի ժամանակ առանձնահատուկ շեշտվել է ամեն տարի անցկացվող հայ-ռուսական առողջապահական համաժողովների կարևորությունը։

«Ավանդույթ դարձած այս միջոցառումը մեծ ներդրում ունի առողջապահության և բժշկագիտության ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների խորացման գործում»,- ասել է նախարար Ավանեսյանը։ 

Միխայիլ Մուրաշկոն վերահաստատել է այս տարի համաժողովը Մոսկվայում կազմակերպելու իր պատրաստակամությունը։ 

Նախարարները պայմանավորվել են աշխատանքային կարգով քննարկել առաջիկա համաժողովի օրակարգը` երկուստեք հույս հայտնելով, որ համավարակի հետ կապված մարտահրավերները չեն խոչընդոտի երկու երկրի առողջապահության բնագավառի ներկայացուցիչների հանդիպմանը և հանրային առողջության բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով