Կառավարությունը խուսափում է տրամադրել ռուսական ուղեկալների տեղադրման մասին տեղեկատվությունը |hetq.am|

hetq.am: Կառավարությունը խուսափում է տրամադրել տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղադրվող ռուսական ուղեկալների, դրանց աշխարհագրական կորդինատների և ապագայում տեղադրվելիք ուղեկալների վերաբերյալ։ Օգոստոսի 23-ին Կառավարությունը, հարցմանն ի պատասխան, ուղեկալների մասով տվել է անորոշ պատասխան՝ նշելով, որ ռուսական ուղեկալների տեղադրման գործընթացը կարգավորվում է ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայությունների միջև իրականացվող համագործակցության շրջանակներում։ 

«Հետք»-ը դեռ 2021 թվականի օգոստոսի 5-ին գրել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը  հայտնել էր, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։ Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանել էր․ «Իրավունք ունեն»։ Ճշտող հարցին, թե ի՞նչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չէր պատասխանել և հեռախոսն անջատել էր։

Արդեն օգոստոսի 11-ին Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանն էլ «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ Ազատամուտ գյուղում տեղադրվում է սահմանային ուղեկալ, իսկ Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում դրանք կտեղադրվեն մի փոքր ուշ։ Հարցին, թե ինչու են ռուս սահմանապահները տեղակայվում Տավուշում, Բեգինյանը պատասխանել էր. «Մարզային ղեկավարության խոսքով, վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ ամբողջ հանրապետության տարածքում պիտի տեղակայվեն։ Իրենց ասելով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի սահմանային խախտումներ չլինեն»:

Կառավարությանն ուղղված հարցման մեջ մենք խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն տեղադրված և տեղադրվելիք ռուսական սահմանային ուղեկալների մասին՝ մասնավորապես խնդրելով տրամադրել դրանց տեղակայման աշխարհագրական կորդինատները։ Նպատակը հասկանալն էր, թե արդյո՞ք դրանք տեղադրվել են չեզոք գոտում, թե՞ հայկական տարածքում։ Կառավարությունը խուսափել է տրամադրել այդ տեղեկատվությունը։ Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ Ոսկեպարում և Ազատամուտում ուղեկալները տեղադրվել են հայկական տարածքում, այլ ոչ թե չեզոք գոտում, ինչից անհասկանալի է, թե ռուսական սահմանապահները դիտարկելու են միջդիրքային հատվա՞ծը, թե՞ դեպի Վրաստանի սահման տանող միջպետական մայրուղին։

Նույնաբովանդակ հարցում մենք ուղարկել էինք նաև Արտաքին գործերի նախարարությանն ու Պաշտպանության նախարարությանը։ ՊՆ-ից հայտնել էին, որ իրենք ռուսական սահմանային ուղեկալների մասով չեն զբաղվում, իսկ այդ հատվածներում մարտական ծառայությունը շարունակում են իրականացնել ՀՀ Զինված ուժերը։ ՊՆ-ի պատասխանից ենթադրվում է, որ այդ հարցով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությանը, ուստի հարցում ենք ուղարկել նաև այդ ծառայությանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև