Լոռու մարզում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով 4 քրեական գործ է հարուցվել. Դատախազություն

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական ծրագրով գյուղական տնտեսություններին տրամադրվող վարկերի նպատակային օգտագործման խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:

Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքները պետության կողմից մասնակի սուբսիդա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը նպաստելը:  

Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պահանջվել են տեղեկություններ՝ 2019-2020թթ. ընթացքում հիշյալ ծրագրով տրամադրված վարկերի շահառուների և վարկերի օգտագործման վերաբերյալ: Նախարարությունից ստացվել է 2019թ. ամբողջ տարվա և 2020թ. երեք եռամսյակներում իրականացված 125 ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերըի փաթեթները, որոնցից 33-ը Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։

Արդյունքնում նշված 33 դեպքերից 26-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3-ով նախապատրաստվող նյութերի ընթացքը դեռևս չի լուծվել:

Իսկ 4 դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ կառավարության 2019թ. մարտի 7-ի թիվ 184-Լ որոշմամբ սահմանված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության զարգացման նպատակով ՀՀ Լոռու մարզի բնակիչներին ՀՀ–ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կնքված պայմանագրով 2019թ. տարբեր ժամանակահատվածներում տրամադրվել են 3.000.000-ից մինչև 6․000․000 ՀՀ դրամ գումարի չափով վարկեր, որոնք վարկառուների կողմից օգտագործվել են ոչ նպատակային. դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող անասնապահության զարգացմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությանը:

Մնացած 92 փաթեթներով ուսումնասիրությունները շարունակվում են, առաջիկայում, ելներով արդյունքներից դրանցով ևս կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն