dbfc0af6a79a0ebed51eb56117ec211c.jpg

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարության արձագանքը

Մեր մտահոգությունն ենք հայտնում 2019 թ. մարտի 12-ին մամուլում տեղ գտած՝ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հնարավոր օտարման հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ և անհրաժեշտ ենք համարում նշել, որ Վարժարանի ղեկավարության հետ նման որևէ գործընթացի վերաբերյալ քննարկում չի եղել:

Մեկնաբանելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի ֆեյսբուքյան գրառումը, հարկ ենք համարում նշել, որ պետգույքի կառավարման կոմիտեից որեւէ մեկի հետ վարժարանի ղեկավարությունը չի քննարկել կառույցի գործունեության նպատակահարմարությունը։ Վարժարանը տեղափոխման օրվանից լիովին օժտված է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական և մարզական պայմաններով, շարահրապարակներով, վարժասարքերով և արգելագոտիներով: Որևէ շքեղություն կամ ռազմական ուսումնական հաստատությանը ոչ հարիր երևույթ տեղ չունի մեր դարպասներից ներս:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարժարանի կազմակերպաիրավական ձևը հիմնադրամ է, որի կանոնադրությունը հաստատվել է կառավարության կողմից: Բարձրագույն ղեկավարման մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որն էլ ի պաշտոնե գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարը: Որևէ ցուցում կամ կարգադրություն նախարարի կամ խորհրդի կողմից գույքը օտարելու վերաբերյալ առ այսօր վարժարանի ղեկավարությունը չի ստացել:

Վարժարանը մնում է հավատարիմ իր արժեքներին՝ գրագետ ու հմուտ ապագա զինվորականներ նախապատրաստելու դժվարին գործն անխոնջ կատարելով։ Զգալի է վարժարանի ներդրումը մեր զինված ուժերի գործունեության մեջ, եւ հատկանշական է, որ վերջին երկու տարիների ընթացքում կառույցն արձանագրում է միայն նվաճումներ։ Տարեցտարի ավելանում է դիմորդների քանակն ու բարձրանում է ընդունելության շեմը, վարժարանն աչքի է ընկնում իր սաների առաջադիմությամբ միջազգային ստուգատեսերում։

Վարժարանի ղեկավարությունը կոչ է անում բոլորին ցուցաբերել առավելագույն նրբանկատություն հատկապես, երբ խոսքը գնում է ռազմական մասնագիտության ուղղությամբ իրենց առաջին քայլերն անող մեր ապագա սպաներին։

Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի ղեկավարություն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն