Infocom-ը Նիկոլ Փաշինյանին ուղղել էր հետևյալ հարցը․ «Դեմարկացիայի և դելիմիտացիայի որևէ լուծման պարագայում Հայաստանի Հանրապետության համար կարո՞ղ է ընդունելի լինել Երևան-Գորիս ճանապարհի Տիգրանաշենի ճանապարհային հատվածների և Երևան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի ճանապարհային հատվածների՝ Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվելը։
Ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Infocom-ի հարցին, վարչապետը նշեց․
«Մենք միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ Հայաստանի Հանրապետության սահմանը որտեղով է անցնում, և մնացածը բանակցությունների թեմա է։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմայի բանակցությունն ինչով է կարևոր, որ երբեմն երկրները գալիս են փոխադարձ ընդունելի որոշակի համաձայնությունների։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ճանապարհային անլուծելի խնդիրներ չունենք։ Կան խնդիրներ, որոնք մենք, ցավոք, չենք հասցրել լուծել, բայց որոշ չափով, ինչ-որ առումով հասցրել ենք լուծել և կլուծենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»։
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենք պատկերացնում են բոլոր բարդությունները՝ որտեղ քանի միլիմետրի, մետրի կամ կիլոմետրի խնդիր կա, և այդ բոլոր խնդիրները համարում են լուծելի։
«Մենք շատ կառուցողական ենք տրամադրված և ուզում ենք գնալ լուծումների․ մենք չենք ուզում հարցերը մտցնել փակուղիներ, բայց մենք նաև չենք կարող ընդունել, որ որևէ մեկը մտածի, թե Հայաստանը խոցելի է, և Հայաստանի հետ պետք է վարվի հարկադրանքի քաղաքականություն։ Եթե մեր հակառակորդները գիտեն, որ մենք Հայաստանի շահերը պատրաստվում ենք զիջել, ընդհակառակը, ամեն ինչ կանեն, որ այստեղ հանգիստ, խաղաղ լինի, ոչ մի բորբոքում չլինի, որ մենք աննկատ Հայաստանի շահերը զիջենք։ Ամեն մի կրակոց մեր ուղղությամբ վկայություն է, որ մենք Հայաստանի շահերը չենք զիջում»,- նշեց Փաշինյանը։