Հայաստանում նախատեսվում է բացել Արգենտինայի առեւտրային պալատ. ԱԺ փոխխոսնակ Սաղաթելյանն ընդունել է դեսպան Վերգարային

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

Ողջունելով դեսպանին` ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ խորհրդարանական կապերի զարգացումը, նորաստեղծ բարեկամական խմբերի համագործակցության խորացումը, ինչպես նաեւ փոխգործակցությունը միջազգային հարթակներում: «Չնայած երկու երկրների միջեւ առկա մեծ հեռավորությանը` Հայաստանն ու Արգենտինան մի շարք ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ ունեն՝ հատկապես հաշվի առնելով Արգենտինայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Նա կարեւորել է հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը` անհրաժեշտ համարելով գյուղատնտեսության բնագավառում արգենտինական փորձի կիրառումը:

«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները եւ ագրեսիան` կարեւորելով այդ հարցում բարեկամ եւ գործընկեր երկրների աջակցությունը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ Արգենտինան՝ որպես Հայաստանի բարեկամ երկիր, մշտապես  հայ ժողովրդի կողքին է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսպանը նույնպես ընդգծել է բարեկամական խմբերի սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը, փոխայցերի կազմակերպումը: Մարիանո Վերգարան համաձայնել է, որ Արգենտինան եւ Հայաստանը երկար տարիների եղբայրական ու բարեկամական սերտ կապեր ունեն, եւ մի շարք ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: Նա ներկայացրել է դեսպանատան գործունեությունը, խոսել իրականացվելիք ծրագրերի մասին: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում բացել Արգենտինայի առեւտրային պալատ` նպատակ ունենալով զարկ տալ փոքր եւ միջին բիզնեսին:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով