Կարմիր շուկայում հրշեջ փրկարարները ևս հայտնվել են կրակոցների թիրախում․ ԱՀ ոստիկանություն

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող, մանկապարտեզի հարակից տարածքում կայանված ավտոմեքենան: Ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն