armtimes.com: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաջորդ շաբաթ կընդլայնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին կիրակի օրը Sky News-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Լիզ Թրասը։
«Այս շաբաթ մենք կներկայացնենք պատժամիջոցների օրենսդրության բարելավմանն ուղղված միջոցառումներ: Ներկայում մենք կարող ենք պատժամիջոցներ կիրառել միայն նրանց դեմ, ովքեր անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայում ապակայունացմանը: Մենք պատրաստվում ենք ընդլայնել ընկերությունների ցանկը: Կրեմլի և ռուսական վարչակարգի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Պուտինի օլիգարխները և ռուսական ընկերությունները, որոնք ծառայում են որպես ռուսական պետության ողնաշարը, չեն կարողանա թաքնվել»,-նշել է նա:
Միևնույն ժամանակ, Թրասը հրաժարվել է որևէ մանրամասն հայտնել, թե ինչ են իրենցից ներկայացնում հայտարարված սահմանափակումները։
«Ոչինչ բացառված չէ»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով Լոնդոնում բնակվող ռուս խոշոր գործարարների ունեցվածքի դեմ հնարավոր միջոցների մասին հարցին։
Բացի այդ, նա ընդգծել է, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու» դեպքում Գերմանիան պատրաստ է հրաժարվել «Հյուսիսային հոսք 2» գազատարից։ «Մենք չենք կարող հրաժարվել Եվրոպայում ազատության և ժողովրդավարության սկզբունքներից՝ հանուն կարճաժամկետ տնտեսական շահերի»,- հավելել է Թրուսը՝ ուշադրություն հրավիրելով այս հարցում «Գերմանիայի դիրքորոշման կոշտացմանը»։