Հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «օմիկրոնն» է. նախարար|armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի  ախտանշաններն ավելի նման են հարբուխի ախտանշաններին՝ հազ, փռշտոց, նաև ջերմաստիճանի որոշակի բարձրացում, ուստի նման ախտանշաններ ունենալիս անհրաժեշտ է թեստավորվել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Իհարկե մենք նկատում ենք ծանրության որոշակի թեթևացում հիվանդացածների շրջանում, եթե նույն այս թվերը մենք ունենայինք «դելտա» շտամի պարագայում, իսկապես համակարգի հոսպիտալացման աստիճանը և ծանրաբեռնվածությունն անհամեմատ ավելի մեծ կլինեին»,- ասաց  Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ հիվանդացության միջին տարիքը 47 տարեկանն է, նկատվում է տարիքի նվազում, իսկ «օմիկրոնով» մինչև 18 տարեկան երեխաներն են հաճախ հիվանդանում:

«Մեր մանկական բժշկական կենտրոններն այս պահին լարված ռեժիմով աշխատում են՝ պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են: Շատ դեպքերում, երբ դիմում են հիվանդանոց այլ խնդիրներով, հայտնաբերվում է նաև «օմիկրոն» շտամը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «օմիկրոնն» է, և պարզ է, որ գրանցվող մահերի մեջ էլ կան այս շտամով վարակվածներ:

«Միանշանակ չպետք է զգոնությունը թուլացնել և թեթև վերաբերվել այս շտամին»,- ասաց Ավանեսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով