hetq.am: Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Կանադայի մայրաքաղաքում։ Պատճառը կորոնավիրուսային նոր սահմանափակումների դեմ ընթացող բողոքի ցույցերն են։ Դրա մասնակիցները բողոքում են, որ 14-օրյա կարանտին է սահմանվել ԱՄՆ-ից ժամանած կանադացի չպատվաստված հեռագնաց վարորդների համար։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բողոքի ցույցերը լուրջ վտանգ և սպառնալիք են ստեղծում բնակիչների անվտանգության համար։ «Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը ցույց է տալիս առաջացած անվտանգության սպառնալիքների ողջ լրջությունը։ Խաղասեղանին քաղաքացիների անվտանգությունն է, որին սպառնում են շարունակվող բողոքի ցույցերը։ Արտակարգ դրության ռեժիմը նաև ընդգծում է իշխանության մյուս կառույցների կողմից անհրաժեշտ օգնությունը»,- հայտարարել է Ուոթսոնը։
Փետրվարի 6-ին կանադական CFRA ռադիոկայանին տված հարցազրույցում Ջիմ Ուոթսունը նշել էր, որ բողոքի ցույցերը դուրս են եկել վերահսկողությունից, իսկ ոստիկանների թիվը բավարար չէ ցուցարարներին կանգնեցնելու համար։
Պարտադիր պատվաստման դեմ բողոքի ցույցերն Օտտավայում սկսվել են հունվարի 23-ին, երբ հեռագնաց վարորդների շարասյունը Վանկուվերից շարժվել էր Կանադայի մայրաքաղաք՝ որպես ԱՄՆ-ի սահմանը հատելիս պարտադիր պատվաստման պահանջի դեմ բողոք և մյուս ցուցարարների հետ միասին զբաղեցրել քաղաքի կենտրոն։
Բեռնատարների վարորդները պահանջում էին ԱՄՆ-ից Կանադա վերադարձող չպատվաստված վարորդների համար չեղարկել 14-օրյա կարանտինը, իսկ ավելի ուշ հանդես եկան Կանադայում կորոնավիրուսային բոլոր սահմանափակումների դեմ։
CTV-ն հայտնում է, որ բեռնատարների վարորդները շատ են աղմկում, ինչը խանգարում է տեղի բնակիչներին։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննադատել է ցուցարարներին, իսկ այնուհետ, անվտանգության նկատառումներից ելնելով, ընտանիքի հետ լքել նստավայրը։
Ոստիկանությունն ի սկզբանե չէր միջամտում բողոքի ցույցերին, սակայն բողոքի հերթական ալիքից հետո՝ փետրվարի 5-ին, ոստիկանները փոխեցին իրենց մարտավարությունը և սկսեցինօրական 450-ից ավելի տուգանք գրել։