Ռուսաստանն ու Բելառուսը սկսել են «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունները

Բելառուսում փետրվարի 10-ին մեկնարկել են ռուս-բելառուսական համատեղ «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունները, որը կձգվի մինչև փետրվարի 20-ը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինված ուժերը «մշակում են պաշտպանական գործողության ընթացքում արտաքին ագրեսիան կանխելու և հետ մղելու, ինչպես նաեւ ահաբեկչությանը հակազդելու ու միութենական պետության շահերի պաշտպանության խնդիրներ»։ 

Զորավարժությունների ընթացքում գործարկվելու են Դոմանովոյի, Գոժայի, Օբուզ-Լեսնայի, Բրեստի և Օսիպովիչիի հրաձգարաններն ու Բարանովիչի, Լունինեցի, Լիդայի և Մաչուլիշիի ռազմական օդանավակայանները։ Զորավարժություններին մասնակից զինծառայողների թիվն ու տեխնիկայի միավորների քանակը չի նշվում։ 

Հայտնի է, որ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել С-400 զենիթահրթիռային համալիրների դիվիզիոններ, «Панцирь-С» զենիթահրթիռային-հրանոթային դիվիզիոն,  Су-35С բազմաթիրախ կործանիչներ և Су-25СМ գրոհային կործանիչներ։

«Միութենական վճռականություն-2022» զորավարժություններն ընթանում են Ուկրաինայի շուրջ հակամարտության լարման ֆոնին։ 2021 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին տեղակայել է ավելի քան 100 000 զինծառայողների՝ դա պայմանավորելով ռազմական զորավարժություններով։ Արևմտյան երկրների առաջնորդները մտահոգություն ունեն, որ Մոսկվան պատրաստվում է պատերազմի։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով