Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ։ Ակցիայի մասնակից, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը, Ուկրաինայի վրա հարձակում կատարելով, հակադրվեց ողջ քաղաքակիրթ աշխարհին․
«Սա այն է, ինչ մենք ինքներս՝ հայերս ապրեցինք 2020 թ․-ին։ Դոնբասի վրա հարձակումը, ինչպես և Ղրիմի վրա, նույն տրամաբանության մեջ էր, և սա կատարվեց։ Փաստորեն Ռուսաստանը կրկնում է գերմանական ֆաշիզմի գործողությունները։ Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի դաշնակիցը այս պահին Ադրբեջանն է։ Դա ընդգծվեց նրանով, որ Ռուսաստանը երկու օր առաջ կնքեց Ադրբեջանի հետ դաշնակցային պայմանագիրը։ Մնալով ՀԱՊԿ-ում, մնալով ԵԱՏՄ-ում, Հայաստանը անում է լուրջ սխալ»։
Խզմալյանն ասաց՝ այս ակցիայով ուզում են ցույց տալ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք դեմ են պատերազմին․ «Ընդամենը ուզում ենք ցույց տալ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կան մարդիկ, հասարաակական ուժեր, քաղաքական կուսակցություններ, որոնք դեմ են պատերազմին, որոնք դեմ են Ռուսաստանի շարունակվող կայսերապաշտ քաղաքականությանը, որոնք հասկանում են, որ այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, շարունակությունն է նրա, ինչ կատարվեց Արցախում 2020 թ․-ին։ Պաշտպանելով Ուկրաինան` պաշտպանում ենք Արցախը»,-նշեց նա։