f8c8e134244610314f044eb154bf3fc8.jpg

Ես Սերժ Սարգսյանի հետ միասնական չեմ կարող լինել․ Նիկոլ Փաշինյան

Ես ասում եմ՝ քանի դեռ Սերժ Սարգսյանը չի պատասխանել այն հարցին, թե ինչպես է, որ մեր զինվորը պատշաճ ուտելիք չի ունեցել, իսկ իր ընտանիքի անդամները միլիոնատերեր են եղել, ես իր հետ միասնական չեմ կարող լինել։ Չեմ կարող, ու իմ մտքով չի էլ անցնում, որովհետև բաներ կան՝ չեմ կարող ներել ընդհանրապես։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ազգային միասնության վերաբերյալ լրագրողի հարցին։

«Բաներ կան՝ ես հիմա չեմ կարող բարձրաձայնել, բայց չեմ էլ կարող ներել։ Էն պետական պաշտոնյան, որի պաշտոնավարման արդյունքում իր ընտանիքի անդամները դարձել են միլիոնատեր, ես իրենց հետ միասնական լինել չեմ կարող, որովհետև եթե ես իրենց հետ միասնական լինեմ, նշանակում ա ընդունում եմ, որ նաև ես իրավունք ունեմ՝ իմ ընտանիքի անդամները կարող են հիմա բիզնես ծավալել ու միլիոնատեր դառնալ։ Ո՛չ, դա հանցագործություն ա։ Եթե նույնիսկ ներկայիս Քրեական օրենսգրքով դա դժվար ա ձևակերպել, անցումային արդարադատության տրամաբանությամբ մենք պետք է սա ձևակերպենք»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այսօր հայ ժողովուրդը միասնական է առավել, քան երբևէ։ «Եթե էդ միասնականությունից չորս հոգի պակաս կա, այսինքն՝ միասնականություն մինուս չորս հոգի կամ քառասուն հոգի կամ հարյուր հոգի, էդ իրենց խնդիրն ա։ Մինչև իրենք ժողովրդից թալանածը չվերադարձնեն, իրենք չեն կարող, ի՞նչ միասնական։ Թալանվողը թալանողի հետ ի՞նչ միասնական։ Չկա, չի լինելու տենց միասնականություն։ Բացառված ա դա»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադառնալով նաև այն հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ Ստեփանակերտը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ասաց․ «Ես չեմ կարծում, թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի իշխանությունների գործերին միջամտելու հնարավորություն ընդհանրապես ունեն»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն