547a60c0db66eab361776fdadb260c63.jpg

27 տարի առաջ այս օրը Շուշին ազատագրվեց |armtimes.com|

armtimes.com: Այսօր լրանում է Շուշիի ազատագրման 27 տարին:
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. մայիսի 8-ին ռազմավարական կարեւոր Շուշի լեռնաքաղաքում։

Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին եւ արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին: 

1992 թ. մայիսի 8-ին, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաեւ միջնորդ երկրի՝ Իրանի, նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան՝ Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ, զինադադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։ Իրանն առաջին երկիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հանդես է եկել միջնորդական առաքելությամբ։

Մայիսի 8-ին՝ այդ նույն հայտարարության ստորագրման օրը, հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո էլ ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը։
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման եւ իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն