a8d411e5d792f60fa79f6d7f6053c65d.jpg

Ես Ղարաբաղի հարցում չեմ պատրաստվում գաղտնիք ունենալ․ Նիկոլ Փաշինյան

Ես Ղարաբաղի հարցում չեմ պատրաստվում գաղտնիք ունենալ։ Հայտնի արտահայտություն կար, որ Ղարաբաղի հարցին փորձագետի մակարդակով տիրապետում է հինգ, վեց, թե յոթ հոգի, իսկ ես կարծում եմ, որ Ղարաբաղի հարցին փորձագետի մակարդակով տիրապետելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ավելին՝ յուրաքանչյուր հայ։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Գիտեք, իրականում պարոն Իգիթյանի հայտարարությանը ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ՝ ինքը նկատի է ունեցել, որ ֆորմատի շրջանակում կարգավորումը հնարավոր ա համարում։ Մենք բոլորս էլ հնարավոր ենք համարում, դրա համար էլ բանակցում ենք, ավելին, մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի միակ ֆորմատը ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության ֆորմատն է, և էդտեղ տեսականորեն, բնականաբար, եթե բանակցում ենք, հնարավոր ենք համարում հարցի լուծումը»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, որ Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր է համարում պայմանավորվածությունների վերաբերյալ ինչ֊որ համաձայնագրի ստորագրում, արդյոք այդ հարցը իրականում քննարկվել է, օրակարգում է, թե ոչ։

«Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթին, կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ որևէ խոսակցություն, աշխատանք չկա։ Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ գաղտնիքներ չեմ ունենալու։ Ես գաղտնիքներ չեմ ունենալու։ Այո, կարող են լինել․․․ հիմա պարզ է՝ կոռեկտության առումով, եթե ինձ մնար, ես կնախընտրեի էդ ամեն ինչը ուղիղ եթերում գնար իմ ֆեյսբուքյան էջի, բայց հասկանում եմ, որ դա հնարավոր չի։ Նկատի ունեմ՝ ինչ֊որ դետալներ, նրբություններ չեմ կարող ցավոք սրտի պատմել։ Բայց ես Ղարաբաղի հարցում չեմ պատրաստվում գաղտնիք ունենալ»,- նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ իրենց քաղաքականությունը Ղարաբաղի հարցի վերաբերյալ չափազանց թափանցիկ ու բաց է։

«Հիմա, որ ես ուզում եմ համեմատել, թե ես ինչ շատ ավել գիտեմ Ղարաբաղի հարցի վերաբերյալ բացի նախկին գաղտնի թղթերը կարդալու էդ տրամաբանությունից, ըստ էության, կարող եմ ասել, որ ոչ մի գաղտնիք չկա բացի էն կոռեկտության․․․ ասում եմ՝ չեմ կարող ամեն ինչ պատմել։ Բայց բովանդակության առումով ոչ մի գաղտնիք չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև անդրադարձավ Եվրամիություն֊Ադրբեջան բանակցությունների հարցին՝ նշելով, որ դա Եվրամիության և Ադրբեջան բանակցություններն են, և թեև առնչություն ունեն մեզ հետ, բայց դա ուղիղ առնչություն չէ։ «Ես Եվրամիության մեր գործընկերների հետ իմ շփումներում նաև ասել եմ, որ ճիշտ կլինի՝ բանակցային գործընթացները տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղվեն, չայլակերպվեն տարբեր իրավիճակներում, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների շրջանակը հստակ պահպանվի»,- պարզաբանեց Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք եվրոպական կողմը վստահեցրել է, որ այդ սկզբունքները չեն աղավաղվի, թե ոչ, վարչապետն ասաց․

«Գիտեք ինչ, իրենք չեն բացահայտում իրենց բանակցությունների, քննարկումների բովանդակությունը, ինչպես մենք ուրիշների առաջ չենք բացահայտում մեր բանակցությունների տեքստերը և այլն։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ կլինի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն