Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարություն է տարածել Բելառուսում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։
«Երեկ բելառուսական ռեժիմը սահմանադրական հանրաքվե է կազմակերպել մարդու իրավունքների համատարած խախտումների և Բելառուսի հասարակության բոլոր շերտերի նկատմամբ դաժան բռնաճնշումների համատեքստում։ Այժմ այնտեղ կա ավելի քան 1070 քաղբանտարկյալ»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ առաջարկվող սահմանադրության փոփոխությունները Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին լրացուցիչ գործիքներ են տալիս իր իշխանությունն էլ ավելի ամրապնդելու համար։
«[Սահմանադրության] 8-րդ հոդվածում Բելառուսի ոչ միջուկային կարգավիճակի մասին հիշատակումը ջնջելը ևս մեկ մտահոգիչ տարր է։ ԵՄ-ն խստորեն դատապարտում է Բելառուսի մասնակցությունը Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիային։ Մենք թիրախավորելու ենք Բելառուսում նրանց, ովքեր մասնակցություն ունեն Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիային»,- ասվում է հայտարարության մեջ։