5f65486fb282ca536c74050e82e4fa13.jpg

Խորհրդարանում քննարկվեց էլեկտրամոբիլների ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասին նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծով առաջարկվում է 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2022թ. հունվարի 1-ը Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաեւ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը:

Նախագծի հիմնական զեկուցող բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ կլուծվեն ոչ միայն բնապահպանական հարցեր, այլ նաև սոցիալ-տնտեսական: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության էներգետիկ կախվածության նվազեցման համար: Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդների) կիրառման ավելացումը, բացի վերը նշված դրական ազդեցություններից, կնպաստի նաեւ խցանումների նվազմանն ու երթեւեկության անվտանգության մեծացմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նախարար Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք չի՞ պատրաստվում որպես նախարար առաջինը օրինակ ծառայել և անցնել էլեկտրական շարժիչով մեքենայի: Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իրենք նախագիծ են ներկայացրել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, համաձայն որի՝ նախատեսվում է, որ ոչ միայն բնապահպանության նախարարը, այլև մյուս բոլոր նախարարները կանցնեն էլեկտրական շարժիչով մեքենաների, որը կատարվելու է բնապահպանական դրամաշնորհների միջոցով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվեց, թե արտոնությունը տարածվելու է էլեկտրական շարժիչով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, թե միայն թեթև մարդատար մեքենաների վրա, ինչին ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանը նշեց, որ արտոնությունը կիրառվելու է մինչև 10 մարդու տեղափոխող մեքենաների, մոտոցիկլների, մոպեդների և էլեկտրական շարժիչով աշխատող հեծանիվների վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն