Թե ինչպես է Պուտինի պատերազմն Ուկրաինայի դեմ սպանում ռուբլին և Ռուսաստանի տնտեսությունը․ Deutsche Welle

Deutsche Welle պարբերականը վերլուծական հոդված է հրապարակել Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության մասին, որոնք աշխարհի մի շարք երկրներ նրա դեմ սահմանել են՝  Ուկրաինա ներխուժման պատճառով։

Հոդվածը չնչին կրճատումներով ներկայացնում ենք ստորև։

Արժեզրկում, արտարժույթի պակաս, կապիտալի տեղաշարժի նկատմամբ վերահսկողություն։ Աննախադեպ միջազգային պատժամիջոցների կիրառումից հետո Ռուսաստանի ֆինանսական շուկան մի քանի հզոր հարվածային ալիքի է ենթարկվել։

Ուկրաինայի դեմ Պուտինի սանձազերծած պատերազմի դեռևս ամենաակնառու տնտեսական հետևանքները ռուսաստանցիների համար ռուբլու փոխարժեքի հսկայական անկումն է (դոլարն արժե 100 ռուբլուց ավելի, եվրոն՝ 110-ից), բանկոմատների առջև հերթերն ու քարտային վճարումների հետ կապված դժվարությունները։

Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները կուղղվեն ռուսական բաժնետոմսերի փոխարժեքի պահպանմանը

Ռուսաստանի ֆինանսական իրավիճակի կտրուկ վատթարացման մյուս վառ ցուցանիշը ՌԴ Կենտրոնական բանկի բազային տոկոսադրույքի աննախադեպ կրկնապատկումն է մինչև 20%՝ փետրվարի 28-ի առավոտվա դրությամբ։ Այնուհետև ռուսական բանկերում միանգամից թանկացան վարկերը, այդ թվում՝ սպառողական և հիպոթեքային (թեև միաժամանակ աճեցին ավանդների տոկոսադրույքները)։ Սա կարող է խաթարել նրանց պլաններն, ովքեր պատրաստվում էին վարկային միջոցներով խոշոր գնում կատարել, սակայն ավելի շատ կտուժեն նրանք, ովքեր մոտ ապագայում ստիպված կլինեն վերաֆինանսավորել իրենց գործող վարկերը։

ՌԴ Կենտրոնական բանկն այժմ պետք է Ռուսաստանի ֆինանսական շուկայում փրկի այն, ինչ դեռ կարելի է փրկել

Արտակարգ դրության ևս մեկ ցուցանիշ է փետրվարի 28-ին և մարտի 1-ին Մոսկվայի բորսայում բաժնետոմսերի վաճառքի չեղարկումը, որը, սակայն կարող է երկարաձգվել մինչև շաբաթվա վերջ։ Սա արվում է այն հույսով, որ մինչև առևտրի վերսկսման պահը տրամադրությունները ֆոնդային շուկայում կբարելավվեն կամ գոնե հնարավոր կլինի ժամանակ շահել՝ Ռուսաստանի առաջատար ընկերությունների արժեթղթերի հավանական խուճապային վաճառքին նախապատրաստվելու համար։

 Հնարավոր խուճապային տրամադրությունների մասշտաբի մասին է խոսում այն, որ Ռուսաստանի կառավարությունն, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, մարտի 1-ին որոշել է 2022 թ-ին Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցներից 1 տրլն ռուբլի տրամադրել ռուսական ընկերությունների բաժնետոմսերի գնման համար (փետրվարի սկզբի դրությամբ՝ հիմնադրամում 8,769 տրլն ռուբլի կար)։ Նման հսկայական միջոցներն ամրագրված են՝ չնայած նրան, որ ՌԴ ԿԲ-ն օտարերկրացիներին արգելել է վաճառել ռուսական արժեթղթերը։

«Ռուբլին այլևս հեշտությամբ կոնվերտացվող արժույթ չէ»

Այս մի քանի փաստերը բավական են հասկանալու համար, որ պատերազմի արդեն հինգերորդ օրը՝ հանգստյան օրերից անմիջապես հետո, ռուսական տնտեսությունը սկսել է ծանրագույն կորուստներ կրել։ Դրանց գլխավոր պատճառը միջազգային ֆինանսատնտեսական պատժամիջոցներն են, որոնք դեռ երբեք այս մասշտաբներով չէին կիրառվել «Մեծ քսանյակի» (G20) երկրներից մեկի դեմ։ Այս պատժամիջոցները հնարավոր չէ համեմատել 2014 թ-ին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ, որոնց պատճառը Ղրիմի բռնակցումն էր և Դոնբասում ՌԴ սանձազերծած պատերազմը։

Ռուսաստանցիների համար արտարժույթի սովորական փոխանակումը կարող է սահմանափակվել կամ նույնիսկ արգելվել

«Նման մասշտաբի պատժամիջոցների կիրառումից հետո ռուբլին դադարել է ազատ կոնվերտացվող արժույթ լինել», – կարծում է Մանհայմի Եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Ֆրիդրիխ Հայնեմանը։ Նրա կարծիքով՝ արժութային տեսանկյունից Ռուսաստանը վերադարձել է 1990-ականների սկիզբ։

Լրատվամիջոցների ուշադրությունը սևեռված է SWIFT վճարային համակարգից ռուսական բանկային համակարգի շուրջ 70%-ի անջատման վրա, առանց որի գրեթե չեն իրականացվում արտահանման-ներկրման գործարքներ։ Սակայն փորձագետները նշում են, որ էլ ավելի լուրջ միջոց կարող է լինել Ռուսաստանի պես խոշոր երկրի Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների սառեցումը։

ՌԴ արժութային պահուստների արգելափակում

«Ըստ ամենայնի՝ այժմ արգելափակված է Կենտրոնական բանկի արժութային պահուստների երկու երրորդը», – կարծում է Բեռլինի Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի վերլուծական կենտրոնի փորձագետ Յոնաթան Հաքենբրոյխը։ Խոսքը ՌԴ ԿԲ ոսկու այն պահուստների մասին, որոնք պատերազմի մեկնարկին հասել են 643 մլրդ ԱՄՆ դոլար ռեկորդային ծավալի։

Պուտինի հանձնարարությամբ՝ ՌԴ ԿԲ-ն ոսկու մեծ պաշարներ է կուտակել, սակայն այս պահին կանխիկ փող է պետք

Բեռլինի Commerzbank արժեթղթերի շուկայի վերլուծաբան Ուլրիխ Լոյխտմանը պարզաբանում է․ «Ռուսաստանի ԿԲ արժութային պահուստները սառեցնելու մասին Արևմուտքի որոշման պատճառով հարցականի տակ է դրված այն ակտիվների մի մասը, որոնք նպաստում են ռուբլու արժեքի որոշմանը»։ Բացի այդ, կտրուկ նվազել են ազգային դրամական միավորի փոխարժեքի կայունացման համար արժութային միջամտություններ անելու Ռուսաստանի Կենտրոնական բանկի գործնական հնարավորությունները։

Այսպիսով՝ հաշված օրերի ընթացքում Ռուսաստանը բախվել է արտարժույթի սուր պակասի։ Այս մասին է վկայում փետրվարի 28-ին նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը, որի նպատակը ռուսական բիզնեսից հնարավորինս շատ արժութային միջոցներ վերցնելն է և օտարերկրյա ներդրողներին արգելելը, որ ռուսական շուկայում վաստակած գումարներն արտասահման տանեն։

Կապիտալի տեղաշարժի նկատմամբ վերահսկողության նման խիստ միջոցները կարող են կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանում պահել արտարժույթը, սակայն եթե դրանք գործեն ավելի երկար, կզրկեն երկիրը թարմ ուղիղ (արտադրության մեջ) և պորտֆելային (արժեթղթերի մեջ) օտարերկրյա ներդրումներից։

Ռուսական տնտեսությունը զրկվում է ներկրումից

«Մենք դեռևս տեսնում ենք առաջին հարվածային ալիքները, որոնց ենթարկվել է ֆինանսական շուկան։ Այս ամենի ծանր հետևանքները ռուսական տնտեսությունը զգալու է այն ժամանակ, երբ զրկվի կարևորագույն մակատարարումներից», – նշում է Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի փոխտնօրեն, պրոֆեսոր Շտեֆան Կոտսը։

Ռուբլու արժեզրկման պատճառով Ռուսաստանի տնտեսությունն ու սպառողները մեծապես կզրկվեն ներկրումից

Ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառով (նվազագույնը 30%՝ պատերազմի մեկնարկից ի վեր) անհամար ռուսական ընկերություններ պարզապես չեն կարողանալու այլևս արտասահմանյան հումք, արդյունաբերական սարքավորումներ ներկրել։ Էլ չենք խոսում սպառողական ապրանքների, պարենի և դեղորայքի մասին։

Միաժամանակ զգացնել են տալու միջազգային պատժամիջոցները ռուսական ընկերությունների և բիզնեսի առանձին տեսակների դեմ, ինչպես նաև այն, որ տարբեր երկրների ընկերություններ կամավոր հրաժարվում են գործ ունենալ Ռուսաստանի հետ։

Այնպես որ, ռուսաստանցիները մոտ ապագայում (խոսքը շաբաթների կամ նույնիսկ օրերի մասին է) բախվելու են կատարվածի հետևանքներին՝ պարապուրդներ արտադրություններում համապատասխան հումքի և սարքավորումների բացակայության պատճառով, աշխատավարձերի ուշացում կամ կրճատում, բիզնեսների սնանկացում։ Եվ, իհարկե, արժեզրկման մեծ ալիք։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն