Ուկրաինան ՌԴ-ի հետ բանակցություններում չի զիջելու իր տարածքային ամբողջականության հարցերի շուրջ, այլ քննարկելու է մարդասիրական միջանցք ստեղծելու, կրակի դադարեցման եւ մինչեւ Ուկրաինայում ՌԴ-ի գործողության սկսելը եղած իրավիճակին վերադառնալու վերաբերյալ հարցեր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Մենք չենք զիջի մեզ համար սկզբունքային հարցերում, ինչպիսին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն է։ Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել»,- «1+1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նա։
«Ուկրաինան ՌԴ-ի հետ բանակցություններում աշխատելու է մարդասիրական միջանցք ստեղծելու ուղղությամբ։ Անխոս, մենք հետաքրքրված ենք կրակի դադարեցմամբ, նաեւ դրությունը մինչեւ ռուսական ագրեսիան եղած իրավիճակին վերադարձնելու հարցով՝ ՌԴ օկուպացիոն ուժերի բացակայության տեսանկյունից»։
Նախարարի խոսքով՝ «դեռեւս վաղ է կանխատեսել, թե կոնկրետ ինչ կստացվի բանակցությունների արդյունքում՝ հաշվի առնելով ՌԴ-ի հնչեցրած դիրքորոշումները»․
«Մեր բանակցողներին հաջողություն ենք ցանկանում։ Եթե ՌԴ-ն այս բանակցություններին մոտենա, այսպես ասած, բարեխղճորեն, ապա հնարավոր կլինի ինչ-որ հանգույցներ գտնել»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունները Բելառուսում արդեն սկսել են բանակցությունների երկրորդ փուլը։ Բելառուսական «Բելտա» գործակալությունը հայտնել է, որ նախքան բանակցությունների մեկնարկը պատվիրակության անդամները միմյանց ձեռք են սեղմել։