Ռուսաստանի և Բելառուսի գործունեությունը Բալթիկ ծովի պետությունների խորհրդում (ԲԾՊԽ) կասեցվել է Ուկրաինայում ռազմական գործողություններ սանձազերծելու առնչությամբ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Լատվիայի արտգործնախարարությունը։
«Մենք՝ արտգործնախարարներս ու [ԵՄ] գերագույն ներկայացուցիչս, դատապարտում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։ <…> Մենք չենք տեսնում Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շարունակման հնարավորություն ԲԾՊԽ շրջանակում։ Ներկայիս հանգամանքներում Ռուսաստանը չպետք է օգտվի կազմակերպության ընձեռած արտոնություններից և որևէ համագործակցության մասնակցի ԲԾՊԽ գլխավորությամբ», – ասված է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Հայտարարությունում նաև հստակեցվում է, որ Ռուսաստանի անդամակցությունը կասեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ «կրկին հնարավոր չի դարձել համագործակցությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա»։
Բացի այդ, խորհրդից նաև հեռացվում է Բելառուսը, որը կազմակերպությունում դիտորդ պետություն էր։ «Մենք դատապարտում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային Բելառուսի մասնակցությունը։ Ռուսաստանին թույլ տալով իր տարածքն օգտագործել Ռուկրաինայի դեմ ագրեսիայի համար՝ Բելառուսն ինքն էլ է պատասխանատվություն կրում ագրեսիայի ակտի համար», – հայտարարել է նախարարությունը։
Բալթիկ ծովի պետությունների խորհուրդը միջկառավարական կազմակերպություն է, որը գործում է տարածաշրջանի երկրների միջև համապարփակ համագործակցության զարգացման օգտին։ Դրա կազմում են Գերմանիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Էստոնիան։ Կազմակերպության աշխատանքին մասնակցում է Եվրահանձնաժողվը, մի շարք երկրներ դիտորդի կարգավիճակ ունեն։
Նորա Վանյան