Այս շաբաթը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես «Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթ»։ Այդ կապակցությամ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով երթևեկող քաղաքացիներին առաջարկել է տեղադրել իրենց ամրակապված նկարները՝ #ամրակապվիր, #փրկվիր հեշթեգերով։
«Բարի լույս բոլորին։ Սկսում ենք մի շատ կարևոր և հետաքրքիր ֆլեշմոբ՝ Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթի շրջանակներում։
Կիսվում ենք մեր ամրակապված նկարներով։ Հուսով եմ տեսնել հայկական ֆեյսբուքի բոլոր երթևեկող օգտատերերի ամրակապված նկարները՝ հետևյալ հեշթեգերով։
#ամրակապվիր
#փրկվիր»,- գրել է Թորոսյանը։
Ֆլեշմոբին արդեն միացել են նախարարներ, պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ Նրանք այսպիսով ընգծում են երթևեկելիս անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։
«Անպայման չէ՝ տուգանեն, որ ամրակապված լինեք մեքենայի մեջ։ Գոնե սեփական անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարելի է դա անել»,- գրել է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը, ապա ավելացրել, որ ըստ վերջին ուսումնասիրությունների՝ վթարների հետևանքով ՀՀ-ի տնտեսությունը տարեկան կորցնում է շուրջ 165 միլին ԱՄՆ դոլար։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ գրել է․ «Վիճակագրությունը փաստում է, որ ամրագոտու կիրառումը մինչեւ 80% նվազեցնում է վթարներում մահվան ելքով դեպքերի եւ վնասվածքների թիվը։ Մենք պետք է արմատավորենք «ամրագոտի կապելու մշակույթը»»։