59fe501e1f02ea00362d211dc36cedd7.jpg

Այսօր պատգամավորն իր լիազորություններով սուպերպատգամավոր է, և սա լավ էպիտետ է․ Արտակ Զեյնալյան

ՀՀ կառավարությունը «Իմ քայլը» դաշինքի գործադիր իշխանության մարմինն է։ Ես այս նախագիծը՝ կառավարության կառուցվածքն ու նախարարությունների ցանկը, ներկայացվում է կառավարության և «Իմ քայլ»-ի անունից։ Այո՛, կառավարության կառուցվածքի բացառիկ լիազորությունը կառավարությանն է։ Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ 

«Առաջին ընթերցումից հետո իմ եզրափակիչ ելույթում ներկայացրել եմ, որ նախարարությունների կողմից և կառավարությանն առընթեր մարմինների կողմից ներկայացվել են երկու տասնյակից ավել կառավարության կառուցվածքի մոդել, նախագիծ, որոնք իրարից տարբերվել են, չեն համընկել։ Եվ սա այն կոմպրոմիսային որոշումն է, որ ներկայացվում է Ազգային ժողով։

Կարո՞ղ է լինել գյուղատնտեսության նախարարություն, իհարկե, կարող է լինել։ Կարող են լինել նաև անասնաբուծության և բուսաբուծության առանձին նախարարություններ, կարող է լինել առանձին սպորտի նախարար, մշակույթի նախարար, երիտասարդության նախարար։ Մենք գիտենք՝ կան երկրներ, որտեղ կան պեղումների նախարար, երջանկության նախարար։ Այստեղ խոսք գնաց, որ կարող ենք նաև պաշտպանության նախարարությունը բաժանել՝ հարձակման, հակահարձակման և պաշտպանության նախարարություններ։ Սրանք բոլորը հենվում են համոզմունքի վրա։ Եվ այս համոզմունքը քաղաքական մեծամասնության համոզմունքն է։

Նաև եղել է նախագիծ, ըստ որի՝ նախարարությունների թիվը պետք է լինի յոթ։ Բացասական երանգ է հաղորդվում սուպերէպիկետին։ Դա բոլորովին այդպես չէ։ Նախարարներն անձամբ մշակում ու իրականացնում են քաղաքականություն։ Դա դրսևորվում է, երբ նրանք ընդունում են քաղաքական որոշումներ, մշակում ու հաստատում են հրամաններ, որոնցով ընդունվում, հաստատվում են նորմատիվ դրույթներ։ Սա է քաղաքականությունը։ Իսկ երբ նախարարը կառավարության կողմից ընդունված որոշումն է ներկայացնում Ազգային ժողովին, նա, բնականաբար, պետք է հանդես գա ամբողջ կառավարության անունից, ընդ որում՝ իր ձայնը այս կամ այն կերպ լուծվել է այդ որոշման մեջ։

Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաև ԱԺ-ի լիազորություններին՝ կառավարության նկատմաբ վերահսկողություն իրականացնելու։ «Այստեղ թյուրիմացություն եղավ, թե միայն հարց տալուն է վերաբերում խորհրդարանական վերահսկողությունը, ուզում եմ բացատրել։ Ո՛չ, պատգամավորը շատ լայն լիազորություններ ունի վերահսկողություն իրականացնելու գործադիր մարմնի նկատմամբ։ Խորհրդարանը շատ լայն լիազորություններով է օժտված՝ լսումներ, հարցապնդումներ, հրավիրել հանձնաժողով, նաև վիճարկել  գործադիր մարմնի նորմատիվ իրավական ակտերը և՛ Սահմանադրական դատարանում, և՛ վարչական դատարանում»,-ասաց նա։

Նախարարի խոսքերով՝ այսօր պատգամավորն իր լիազորություններով սուպերպատգամավոր է, և սա լավ էպիտետ է։ «Մենք մտածում ենք ընդլայնել այս լիազորությունները, որ ՍԴ դիմելու հնարավորություն ունենա ոչ միայն ԱԺ պատգամավորների 1/5-րդը, այլև խմբակցությունը՝ որպես ինստիտուտ։ Եվ մենք հաջողելու ենք։

Այս տարվա ընթացքում մենք ցույց ենք տվել, որ հասել ենք այնպիսի հաջողությունների, որոնք անկանխատեսելի էին, որոնց գուցե չի տրվում գիտական բացատրություն, բայց մենք դրան հասել ենք, բոլորով ենք դրան հասել։ Առաջիկայում կներկայացվի նաև այդպիսի հաշվետվություններ։ Եվ կառավարության ցանկացած կառուցվածք, այդ թվում՝ մեր գործընկերների ներկայացրած, հիմքում չունի գիտական հիմնավորում, թեև մեղադրում են, որ «Իմ քայլ»-ի կամ կառավարության կառուցվածքը չունի գիտական հիմնավորում։ Սա քաղաքական համոզմունք է, որով մենք հանդես ենք գալիս։ Եվ սա հանգրվան է, շատ հավանական է, որ առաջիկայում կլինեն այլ օպտիմալացումներ այնպիսի կրկնվող գործառույթներ իրականացնող մարմինների, ինչպիսիք իրավաբանական վարչությունն է, ֆինանսական ստորաբաժանումն է, տնտեսական և կադրերի ստորաբաժանումներն են։ Դրանք հանվեն ուղղակի»,- նշեց Արտակ Զեյնալյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն