543e635f5d00f63442d8d202ed0bb305.jpg

ԱՄՆ-ի հետ բարեկամության և գործընկերության խորացումը կարևոր է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինայն

Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության շարունակական խորացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որը գտնվում է ժողովրդավարական արմատական բարեփոխումների փուլում և առաջ է շարժվում ժողովրդավարության ինստիտուցիոնալ ու տնտեսապես հզորացման ճանապարհով:

Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ ուրախ է կրկին այցելել Հայաստան՝ այս անգամ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, և հայկական կողմի հետ քննարկել համագործակցության օրակարգը: Ջորջ Քենթի խոսքով՝ ԱՄՆ-ը հետաքրքրված է հարաբերությունների զարգացմամբ և Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում փոխգործակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր:

Որպես ինստիտուցիոնալ կարևոր ուղղություն՝ Փաշինյանը նշել է դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, նաև ընտրական և ոստիկանական ոլորտներում գործակցությունը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղի են ունեցել ազատ և ժողովրդավարական ընտրություններ, որոնք պետք է երաշխավորվեն ինստիտուցիոնալ առումով, և այս ուղղություններով բարեփոխումների իրականացումը զգալի կարևորություն ունի:

Անդրադառնալով տնտեսական կապերի զարգացման հնարավորություններին՝ կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել ջրամբարաշինության, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցությունը, ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ջորջ Քենթը նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի՝ ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաև տարբեր ուղղություններով քայլերը և պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հայաստանի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային մարտահրավերների և գործընթացների շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել միջկառավարական հանձնաժողովի՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վաղը կայանալիք նիստին:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին այսօր ընդունել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Տոնոյանն ամփոփել է փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը` գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ: Քենթը ներկայացրել է ԱՄՆ կառավարության մոտեցումներն արդի միջազգային մարտահրավերների առնչությամբ` նշելով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող զարգացումների կարգավորման ԱՄՆ տեսլականը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, փոխանցում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Հայաստան էր ժամանել նաև անցած տարվա հոկտեմբերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն