Այսօր Ազգային ժողովին «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Օրենքի փոփոխության վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտությունը նա բացատրեց այսպես․
«Իմ՝ ԱԺ-ում պատգամավոր լինելու այս 9 տարիների ընթացքում մենք միշտ քննարկել ենք թափառող շների պրոբլեմը, ինչն անշուշտ առկա է ու խնդիր է բնակավայրերի համար, մարդկանց համար, հատկապես՝ չլուսավորված տարածքներում, մանկահասակ երեխաների զբոսանքի վայրերում և այլն։ Սա խնդիր է, որն ունի կարգավորման անհրաժեշտություն, բայց ի՞նչ է տեղի ունեցել երկար տարիներ։ Տրամադրվել են մեծ գումարներ՝ մի քանի հարյուր միլիոն դրամ, բայց փոխանակ տեղի ունենար ստերջացում, կենդանիների պահման համար համապատասխան վայրերի կառուցում ու հատկացում և այլ հումանիստական մոտեցումներ, դրանք ուղղակի գնդակահարվել են»։
Ըստ Ուրիխանյանի՝ դաժան վերաբերմունքի հետ պետք է արգելվի նաև զենքի մեթոդով ոչնչացման հնարավորությունը։
«Ինչու՞ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում։ Որովհետև ես գտնում եմ, որ մայր օրենքում, որպես զարգացած հասարակություն, պետք է ունենանք այդ դրույթը։ Ընդունում եմ հանձնաժողովի քննարկումների ընթացքում հնչած այն փաստարկները, որ պետք է ստեղծել մայր օրենքի նախագիծ, և այդ նախագիծը նույն անվամբ ես պատրաստել էի դեռևս նախանցած խորհրդարանում, բայց ինչպես հիշում եք, նախկին քաղաքական մեծամասնությունը նույնիսկ քննարկման առարկա չդարձրեց դա։ Այժմ խնդրում եմ հարցը դնել քննարկման»,- ասաց պատգամավորը։