ԱԺ-ին ներկայացվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց․
«Հարցի առաջին ընթերցումից հետո Գիտական և ուսանողական հանրույթի կողմից բավական դրական արձագանքներ են ստացվել, և նույնիսկ ինձ տարբեր նկարներ են ուղարկել, որ այդպիսի կազմակերպությունները, չսպասելով երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունմանը, արդեն հանում են իրենց գովազդային պաստառները։ Սա կարելի է որպես դրական առաջընթաց արձանագրել, սակայն, զուգահեռ մենք աշխատում ենք փորձագետների ու շահառու անձանց հետ՝ ընդհանրապես «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով ընդհանրապես կարգելվի նմանատիպ ծառայությունները։
Նախորդ քննարկմանն էլ իմ գործընկերները նշեցին, ես էլ համաձայնեցի, որ այս կարգավորումը ոչ ամբողջովին է լուծում խնդիրը, սակայն սա հնարավորություն տվեց որոշակի ժամանակահատված նախապատրաստվելու մինչև ամբողջությամբ կհասկանանք ու կծավալենք դիսկուրսը»։
Պատգամավորի խոսքերով՝ նա գիտի, որ բուհերում էլ արդեն քննարկումներ են եղել էլեկտրոնային գործիքների ներդրման հետ կապված։ «Նախորդ անգամ էլ նշեցի, որ այս հարցը հիմնականում գտնվում է բուհերի դաշտում, որպեսզի նրանք էլեկտրոնային գործիքների արդյունավետ ներդրման միջոցով կարողանան գրագողության դեմն առնել, որովհետև սա կրթական որակի վրա ազդող հիմնական գործողններից մեկն է նաև։ Սրանում պետք է շահագրգիռ լինեն բուհերի ղեկավարությունը, իրենց տարեկան բյուջեից գումար չխնայեն սրա համար։ Դրա դրական փորձը Հայաստանում արդեն կա, նոր հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է աշխատել ու այս հարցը պահել օրակարգում»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ 1996 թվականի ապրիլի 30-ի օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր՝ 16-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ՝
«16. Արգելվում է կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն եւ այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը։»: