Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 962,1 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքային բանկչությունը 1 մլն 893,4 հզր է, իսկ գյուղական բնակչությունը՝ 1 մլն 67,8 հզր մարդ։ Այս տվյալը հրապարակվել է այսօր ազգային վիճակագրական կոմիտեի կողմից։ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ մեր երկրի բնակչության թիվը նվազել է 7,8 հազարով։ Տարվա սկզբի համեմատությամբ բնակչության թիվը նվազել է 3,2 հազարով։
Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Վաղը լրանում է պատմական օրը, որը մեզ բոլորիս հուսադրեց, որ երկրում սկիզբ են դրվելու ֆունդամենտալ այնպիսի փոփոխությունների, որոնք հանգեցնելու են առնվազն արտագաղթի տեմպերի նվազման, և նույնիսկ հույս ունեինք, որ այն իսպառ կարող է դադարել։ Ավաղ, երկրում նախկինից մնում են խնդիրներ, որոնք այսօր էլ մարդկանց մղում են արտագաղթի»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ նման դեպքերում հանրայնորեն ընդունված մեթոդաբանությամբ խորհուրդ է տրվում պատճառը քննարկել և ոչ հետևանքը, որպեսզի հետևանքի կրկնություն չլինի, սակայն, արտագաղթի պարագայում, ըստ պատգամավորի, իրավիճակը փոքր-ինչ այլ է, և կարելի է քննարկել հետևանքը՝ պատճառներին հանգելու համար։
«Արտագաղթն անիրական պատերազմ է, որը հանգեցնելու է իրական պատերազմի, երբ մենք թուլանանք վերջնականապես։ Այդ դեպքում մեծ հաշվով արդեն բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչ հետևանքներ կարող է կրել մեր հակառակորդը կամ թշնամին, որովհետև դա մեզ համար չի կարող մխիթարություն լինել։ Թշնամու հետ ընկերովի կործանումը հարսանիք չէ, որովհետև մեզ համար թանկ է մեր պետության ճակատագիրը, մեր հայրենիքը, և մենք մտածում ենք մեր մտածում ենք մեր պետության ու հայրենիքի անվտանգության մասին»,- նշեց Արման Բաբաջանյանն ու ավելացրեց,- «հետևաբար, չպետք է թույլ տանք, որ բանը հասնի պատերազմին, որ մեր թուլացումը հասցնի պատերազմի։ Ուրեմն՝ անհրաժեշտ է լրջագույնս ձեռնամուխ լինել այս հարցերի քննարկմանը»։
Ըստ ԼՀԿ-ական պատգամավորի՝ նվազագույն խնդիրն ու պատասխանատվությունը, որ պետք է ստանձնի օրվա իշխանությունը, պետք է լինի արտագաղթածների վերադարձն ապահովելը։ «Խոսքը հայրենադարձության մասին չէ, դա ռազմավարական խնդիր է, որն օբյեկտիվորեն ապագայի հարց է, քանի որ կա արտագաղթած հայաստանցիներին իրենց տուն վերադարձնելու խնդիր, բայց դա պետք է լինի նվազագույնը, որ պետք է կատարի իշխանությունը։ Իշխանության առաջիկա ամիսների, տարիների աշխատանքը պետք է չափվի հենց այս ուղղությամբ տարված աշխատանքով»,- ասաց Բաբաջանյանը։
Նա նաև նշեց, որ չենք կարող խոսել կյանքի որակական փոփոխությունների մասին, իսկ մարդիկ շարունակեն լքել երկիրը։ «Հայաստանը դատարկվել է ռազմավարական վտանգի աստիճան, հետևաբար՝ միայն դեմոգրաֆիական պատկերի վերականգնումը հնարավորություն կտա դրական գնահատական տալ իշխանություններին»,- ասաց նա։