lragir.am: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը Սևանա լճի հետ կապված լուրջ խնդիրներ է տեսնում, շահագրգիռ կազմակերպություններին կոչ է անում օրենսդրության վերափոխման առաջարկներ ներկայացնել: Պատգամավորն այս մասին բարձրաձայնեց ԱԺ հայտարարությունների ժամանակ:
«Սևանա լճի հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնք խորանում են և լուծման կարիք ունեն: Ուզում եմ կոչ անել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, անձանց, կուսակցություններին՝ մասնակցել Սևանա լճին վերաբերող օրենսդրության վերափոխմանը: Մենք իրավունք չունենք նայել, թե ինչպես է լիճը շարունակում ճահճանալ, և թե դա ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ընդհանուր տարածաշրջանի և երկրի համար»,-ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ օրեր առաջ հանդիպել են նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարության հետ, միանշանակ եզրակացություն ունեն, որ այս տարի Սևանից լրացուցիչ ջրառ չպետք է արվի: Նա բոլոր գործընկեր պատգամավորներին հորդորեց, որ եթե անգամ նման հայցով կառավարությունը դիմի ԱԺ-ին, ապա մերժեն Սևանից լրացուցիչ ջրառը: Նա դա օրհասական հարց համարեց լճի փրկության համար: Կարապետյանը նշեց, որ պետք է հայտարարեն՝ Սևանա լճի ջուրը խմելու ջուր է: «Այդ ջուրը ոչ թե նախատեսված է ոռոգման, էլեկտրաէներգիա ստանալու համար, այլ խմելու ջուր է: Եվ մնացած բոլոր նպատակները պետք է ստորադասվեն Սևանի փրկությանը՝ որպես խմելու ջրի հսկայական պաշարի»,-ասաց պատգամավորն ու բոլոր շահագրգիռ կազմակերպություններին կոչ արեց առաջարկներն ուղարկել հանձնաժողով: