hetq.am։ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանը կվերականգնվի նախկին աշխատանքին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի բողոքարկի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Զուրաբյանը աշխատանքին կարող է վերականգնվել մեկամսյա ժամկետում, իր նախընտրած ժամանակահատվածից:
«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը Զուրաբյանին կվճարի նաև հատուցում նրա հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Այն կլինի միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թվականի հոկտեմբերի 5-ից՝ մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը: Տուն-ինտերնատից հօգուտ Զուրաբյանի կբռնագանձվի նաև 150 000 դրամ` փաստաբանի վարձատրության գումար։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին դատարանը անվավեր ճանաչեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի՝ Զուրաբյանին աշխատանքից ազատելու որոշումը, որոշեց նրան վերականգնել նախկին աշխատանքին, փոխհատուցել նրա հարկադիր պարապուրդի և փաստաբանական ծախսերը:
Վահան Զուրաբյանն աշխատանքից ազատվել էր 2018 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Մանե Թանդիլյանի հրամանով: Նախարարը Զուրաբյանին պաշտոնից հեռացրեց պարտականությունների ոչ լիարժեք կատարման, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով հատուկ խմբերի համար նախատեսված սոցիալական բնակարանների ոչ նպատակային օգտագործման, աշխատողի նկատմամբ վստահության բացակայության պատճառով: