e16111c8089a1f35dd2c7cf0f1fdecfc.jpg

ԿԲ նախագահի տեղակալը ԱԺ-ին ներկայացրեց «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները

«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի դրույթները կտարածվեն նաև գյուղացիական տնտեսություններին և միկրոձեռնարկություններին տրամադրվող այն սպառողական վարկերի վրա, որոնք չեն գերազանցում հինգ միլիոն դրամի շեմը։ Սա նախատեսվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով, որը ԱԺ-ին ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

«Նախագծով մի քանի կարգավորումներ են ներկայացված։ Մինչև հարյուր հազար դրամ սպառողական վարկերը նախկինում «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի շրջանակներից դուրս էին, հիմա մտնում են այդ շրջանակի մեջ։ Երկրորդը՝ նախկինում գյուղացիական տնտեսությունների համար մինչև երկու միլիոն դրամի չափով վարկերը էին այս օրենքի շրջանակներում, հիմա կառավարության առաջարկով չափն ավելացնում ենք մինչև հինգ միլիոն դրամ։ Նախատեսում ենք միկրոձեռնարկություններին ևս այս օրենքի շրջանակներում ներառել՝ էլի հինգ միլիոնի չափով։

Իհարկե, միկրոձեռնարկությունների սահմանում որպես այդպիսին չկա մեր օրենսդրության մեջ, հետևաբար վերցրել ենք ՓՄՁ-ների աջակցության օրենքը, հղում ենք արել դրան, որ ունենանք որոշակի պաշտոնական ձևակերպում, անորոշությունները վերացնենք և՛ բանկերի համար, և՛ ֆինանսական կազմակերպությունների համար, և՛ սպառողների համար։ Այդուհանդերձ, պետք է փորձենք սպառողական կրեդիտավորման ինչ-որ սահմանում գտնել, այդ օրենքի շրջանակներում գերփոքր ընկերություններով սահմանափակենք, որ շատ ավելի կոնկրետացնի շրջանակը այն բիզնեսի, որին ուզում ենք այս օրենքով պաշտպանության տակ առնել»,- ասաց Երիցյանը։ 

Նա պարզաբանեց, որ այս օրենքով սպառողների համար պայմաններ չի սահմանվում, ընդամենը ապահովում է հրապարակայնություն, որ սպառողը հասկանա, թե ինչ գնով է այդ վարկը կամ կրեդիտավորումը վերցնում։ 

«Հստակեցվել է նաև սպառող հասկացությունը։ Այստեղ նաև սահմանվել է կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրվող կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի, մարումների մասին գրավոր տեղեկատվության տրամադրումը, որն իրականացվելու է էլեկտրոնային տարբերակով։ Այսօր սպառողը կա՛մ թղթային տարբերակով է ստանում, կա՛մ գրասենյակից, կա՛մ փոստի միջոցով։ Հիմա ավելացնում ենք, որ սպառողը տեղեկատվությունը պարտադիր պիտի ստանա նաև էլեկտրոնային տարբերակով։

Կրեդիտավորման մասին դրույթների խախտման համար նախատեսված է 300 հազար դրամ տույժ և որ այն ուղիղ սպառողին վճարվի։ Այս հարցում հստակեցման անհրաժեշտություն կա, որովհետև այլ օրենքներով այլ բան է նախատեսվում, իսկ սա ավելի խիստ է նախատեսված։ Առաջարկվում է համադրելի դարձնել դրանք, համաձայն ենք, կքննարկենք, մինչև երկրորդ ընթերցում դա կիրականացնենք»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն