armenpress.am։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր, վերանորոգված թռիչքուղին մայիսի 16-ից կշահագործվի նաև ցերեկային ժամերին, ինչը թույլ կտա օդանավակայանին կրկին աշխատել 24-ժամյա ռեժիմով։ Ապրիլի 1-ից մինչև մայիսի 15-ը օդանավակայանից թռիչքներն իրականացվում են միայն գիշերային ժամերին։
Թռիչքուղին կունենա 3850 մ երկարություն և 56 մ լայնություն: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 1-ին և իրականացվում են 12 մլն ԱՄՆ դոլար ներդրումների արդյունքում:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական մենեջեր Աշոտ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են 2 փուլով:
«Ասֆալտի ծածկույթի «ծառայելու» ժամկետը 10 տարի է, սակայն շահագործման ընթացքում ճիշտ սարքավորումներ օգտագործելով մենք կարողացել ենք երկարացնել «ծառայության» ժամկետը: Այս վերանորոգումից հետո ամենաքիչը 15 տարի թռիչքուղին կգործի»,- նշեց Միրզոյանը:
Վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս օգտագործվել են նոր նյութեր՝ պոլիմերներ, որոնք ավելի են ամրացնում ձյութի կպչողականությունը, ընդհանուր ասֆալտ-բետոնի խառնուրդի ամրությունը: