news.am: Ասել այն մասին, որ մենք վստահ էին հաղթանակի մեջ, սուտ կլիներ, քանի որ Շուշիի գրոհի ժամանակ լիակատար անորոշություն էր: Ստեփանաակերտի հրապարակում այս մասին ասել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ այդ օրերին ուժերի հարաբերակցությունը անհավասար էր:
«Բայց մենք հաղթեցինք: Հետո ես նորից սկսեցի զբաղվել պատմությամբ եւ կարդացի չինացի զորահրամանատար Սուն Ցզիին, որն ասում էր՝ ով բարձր բարոյական ոգի ունի, նա երեք անգամ ուժեղ է հակառակորդից: Այդ մարտական ոգին մեզ մոտ մի քիչ ավելի շատ ստացվեց՝ 4 անգամ շատ», – ասաց Արկադի Թադեւոսյանը:
Գեներալ-մայորն ընդգծեց, որ այդ ժամանակ հայ ժողովուրդը միասնական էր, ինչը կարեւոր էր պատերազմի օրերին:
Հարցին՝ կարող է արդյոք հայկական բանակը Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հարձակողական գործողություն իրականացնել հակառակորդի տարածքի խորքը, ինչի մասին ավելի վաղ ասել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տեր-Թադեւոսյանը պատասխանեց, որ չի հասկանում պաշտպանության նախարարի նման հայտարարության իմաստը:
«Ես նրան չեմ հասկանում եւ համաձայն չեմ նրա հետ: Ավելի ճիշտ ես նրա հետ համաձայն եմ, բայց դա դիվանագիտական հարց է եւ այն պետք է լուծեն դիվանագետները պետական մակարդակում: Բոլոր ուժային կառույցները եւ մեր ժողովուրդը պետք է իմանան, որ անհրաժեշտոության դեպքում, անգամ ՄԱԿ-ը, մեզ է թողնում կանխարգելիչ հարված հասցնելու իրավունքը, եթե իհարկե մեզ վրա հարձակվեն: Այսինքն՝ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք պատերազմի շարունակությանը», – պարզաբանեց ռազմական գործիչը՝ հավելելով, որ իր կարծիքով, բոլոր կառույցները, այս կամ այն չափով, սխալ են գործել այդ հարցում:
Հարցին՝ համաձայն է արդյոք նա այն թեզի հետ, որ երկու երկրների ժողովուրդներին անհրաժեշտ է նախապատրաստել խաղաղությանը, Տեր-Թադեւոսյանը պատասխանեց, որ դրա հետ նույնպես համաձայն չէ, քանի որ հայ ժողովուրդը իր հազարամյա գոյության ընթացքում ոչ մի խաղաղ տարի չի տեսել:
«Մենք պետք է ուժեղ լինենք, ուժեղանանք: Եվ բանակն է պետք ամրապնդել եւ ժողովրդին: Մեր հասարակությունն ուժեղ է նրանով, որ մենք մոնոէթնիկ ազգ ենք: Մենք միասնական ենք եւ չունենք հակասություններ, որոնք կան Ադրբեջանում», – նկատեց Արցախի հերոսը: