Ընդդիմադիր պատգամավորները Ազգային ժողով էին եկել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարարականի պահանջը ներկայացնելու համար։
«Դուք մնում եք վարչապետ, ի՞նչ անեք, որ թողեք Արցախը Ադրբեջանի կազմում», – ասաց Արմեն Ռուստամյանը։ Այս խոսքից հետո ընդդիմադիրները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։
«Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք։ Կեցցե հայկական ժողովրդավարությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ պատգամավորները սկսեցին ծափահարել, ինչից հետո նիստն ընդմիջվեց։
Այդ ընթացքում ցուցարարները հասել էին ԱԺ դարպասների մոտ եւ պարբերաբար բղավում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Տեր ենք մեր հայրենիքին»։
ԱԺ նիստը վերսկսվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․
«Ես ընդդիմության դուրս գալու պատճառով հնարավորություն չունեցա պատասխանել հարցին, բայց պիտի անկեղծ ասեմ, որ պատշաճ չեմ համարում հետևից հարցին պատասխանելը, ես հույս ունեմ իրենք այդ հարցով կվերադառնան, որովհետև ես այդ հարցին պատասխանելիս պիտի ուղիղ իրենց աչքերի մեջ նայեմ։
Կանոնակարգը թույլ չի տալիս, բայց կարծում եմ՝ բացառիկ պայմաններում կարող ենք հարցի պատասխանը առկախել մինչև մեր գործընկերների վերադարձը դահլիճ»,- ասաց Փաշինյանը։