Մեծ Բրիտանիայում երկաթուղու աշխատակիցները վերջին 30 տարվա ամենախոշոր գործադուլն են անում

Մեծ Բրիտանիայի երկաթուղային ենթակառուցվածքերի սեփականատեր և կառավարիչ Network Rail ընկերության և 13 երկաթուղային օպերատորների հազարավոր աշխատակիցներ գործադուլ են սկսել, որն ամենախոշորն է վերջին 30 տարում, հայտնում է BBC Russian-ը։

Այսօր Անգլիայում, Ուելսում և Շոտլանդիայում կաշխատի չվացուցակում ներառված միայն յուրաքանչյուր 5-րդ գնացք։ Ակնկալվում է, որ երկրում այսօր 20 հազար կանոնավոր երկաթուղային երթաշրջանի փոխարեն կիրականացվի միայն 4500-ը։

Եվս երկու նույնատիպ գործադուլ է իրականացվելու հինգշաբթի և շաբաթ օրերին։ Կեսգիշերին գործադուլավորներին են միացել Լոնդոնի մետրոյի աշխատակիցները։ Դրա ուղղություններից 9-ը չի աշխատում, մնացածն էլ աշխատում են սահմանափակ ռեժիմով։

 

Ինչո՞ւ են գործադուլ անում երկաթուղու աշխատակիցները

Արհմիության և կառավարության միջև բանակցությունները տևել են մինչև երկուշաբթի օրը, սակայն նրանք պայմանավորվածության չեն կարողացել գալ։

RMT արհմիությունը պահանջում է բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը նվազագույնը 7%-ով՝ փոխհատուցելու համար կտրուկ գնաճը։ Սակայն գործատուներն առաջարկել են միայն 3% այն պայմանով, որ աշխատատեղեր են կրճատվելու և փոխվելու են աշխատանքի մեթոդները։

RMT-ի կարծիքով՝ գործադուլի հետ կապված իրավիճակը միտումնավոր կերպով սադրել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շափսը։ Իսկ վերջինիս խոսքով՝ կոնֆլիկտը ստեղծել են արհմիությունները։ Սակայն գլխավոր պատճառը կորոնավիրուսի համավարակի հետևանքներն են։

 

Որքա՞ն է արժենալու գործադուլը

Գործադուլի հետևանքով առաջացած վնասները դեռևս ոչ ոք չի կարող հաշվել։ RMT արհմիությունը խոստացել է պարբերաբար գործադուլներ կազմակերպել նվազագույնը մինչև ամառվա վերջ, եթե կողմերը համաձայնության չգան։ Եվ պարզ է դառնում, որ վասները հսկայական են լինելու։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով