fb93b3cc5625da01fe61165b57b8c78b.jpg

Վարչապետը պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ․ Հրանտ Բագրատյան

Պեկինում կայացած «Մետաքսի ճանապարհ» երկրորդ ֆորումի ֆինանսավորմանը,  այնտեղ Ադրբեջանի ստորագրած հուշագրերին ու Հայաստանի վարչապետից իր սպասելիքներին «Ֆեյսբուք»-ի էջում անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ 

Նա ընդգծել է, որ համաժողովին մասնակցում է 40 երկրի նախագահ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նշենք, որ Հայաստանի վարչապետը ֆորումին չի մասնակցել։

«Վերջին ճշգրտումներն են կատարվում 3 հիմնական ճանապարհների 6 ենթատարբերակների ուղղությամբ։ Ֆինանսավորումն ընթանում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի միջոցով։ Բանկն ունի 100 մլրդ դոլարի կապիտալ և 1 տրլն դոլարի վարկային ռեսուրս։ Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսացին 5 մլն դոլար վճարել և դառնալ բանկի հիմնադիր անդամ։ Ներկայումս բանկի միջոցներով հսկայածավալ շինարարություն են անում ռուսները, ադրբեջանցիները (նկատենք, որ այս երկրներն ունեն առևտրի դրական հաշվեկշիռ և, սովորաբար, վարկեր չեն վերցնում), վրացիները, ղազախներն ու ղրղզները»,- իր առաջին գրառման մեջ նշել է Բագրատյանը։

Ըստ նրա՝ Եվրասիական մայրցամաքը մոտ տասը տարի անց անճանաչելիորեն կփոխվի։

Տնտեսագետը հարց է բարձրացնում՝ գրելով․ «Լավ, գազամուղները մեզ շրջանցում են, նավթամուղներն ու երկաթուղիները նույնպես։ Ավտոճանապարհային ծրագրեր է՞լ չենք կարողանում մտնել»։

Ֆորումի ավարտից հետո Հրանտ Բագրատյանը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով մեր հարևան երկրների՝ Ադրբեջանի ու Վրաստանի, նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի գրանցած հաջողությունները։

«Ահագին փող բաժանվեց։ ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ուզում է նույն բանը, բայց իր տարածքով անցնող գծերով, Վրաստանը կառուցում է Անակլիա նավահանգիստը, Ուկրաինան 345 մլն դոլար է վերցնում Կրեմենչուգի կամուրջի համար, Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի, այնպես էլ երկկողմ ադրբեջանա-չինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում»,- գրել է նա։

ՀՀ նախկին վարչապետը նաև ավելացրել է, որ սրա հետ կապված չինական կողմը որպես քաղաքավարության նշան, բալանս պահելու համար Հայաստանի վարչապետին կհրավիրի Չինաստան։ «Վերջինս պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ»,- ամփոփել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն