Ակտիվիստներին չհաջողվեց փակել Արցախի նախագահական շենքը․ շարժման առաջնորդը՝ հետագա անելիքների մասին

civilnet.am:  Ստեփանակերտում սեպտեմբերի 19-ի ընդդիմադիր ակտիվիստներին չհաջողվեց փակել նախագահականի շենքի մուտքերը ու հարցեր ուղղել Արայիկ Հարությունյանին։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Արցախի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, որն արդեն երեք շաբաթ է՝ շուրջօրյա նստացույց է անում Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում, մանրամասներ ներկայացրեց եղելության ու հետագա անելիքների վերաբերյալ։ Ընդդիմադիրն ասաց, որ, այպես ասած, ժողովրդական պլատֆորմ ստեղծելու նպատակ ունեն, որին հնարավոր է՝ միանան «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունները։ Այսօր երեկոյան ևս հանրահավաք տեղի կունենա։

«Երեկ արդեն երրորդ, չորրորդ օրն էր՝ աննախադեպ շատ մարդիկ են հավաքվում հրապարակում և պահանջում են որոշ հարցերի հստակ պատասխաններ։ Երեք օր է՝ համախմբման կոչ ենք անում․ այդ կոչին միացել են բազմաթիվ քաղաքական ուժեր, պատգամավորներ, ակտիվիստներ, բայց երկրի նախագահը չի միացել։

Ես հայտարարել էի, որ առավոտյան շուտ փակելու ենք ճանապարհը և պատասխաններ պահանջենք։ Ինքը (Արցախի նախագահը- խմբ․)  միշտ աջ կողմով է մտնում շենք, գնացել ենք, որ հենց գա փակենք ավտոների դիմաց։ Մյուս կողմով գաղտագողի, շատ արագ եկավ, վազելով մտավ շենք»,- նշեց Տիգրան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը հավաքվել է մի մտահոգությամբ, երբ լսել է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ թուղթ է ուզում ստորագրել։

«Թեև նա հետո հետ է կանգնել իր խոսքերից, իսկ մենք գիտենք, որ թուղթ ստորագրելը 5 րոպե ա, 1 րոպե ա, և օրերով սպասել մինչ Արայիկ Հարությունյանը ուղերձով կդիմի, մի քիչ անտրամաբանական է։ Ինքը գնաց պատվիրակության հետ Հայաստան, բանակցություններ վարեց, հետ եկավ, ինչն է պատճառը, որ երկու օր անց է այդ պատասխանները հնչեցնում, մանավանդ որ գիտի՝ հազարավոր մարդիկ, այստեղ կանգնած, իրեն են սպասում։ Բազմաթիվ անգամ կոչ ենք արել, որ գա միանա մեզ։ Մենք ասել ենք, որ երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Այս ընդդիմական ցույցը սեպտեմբերի 14-ին թափ հավաքեց ու վերածվեց համերաշխության ամենօրյա հավաքի այն բանից հետո, երբ Հայաստանի արևելյան սահմաններին տեղի ունեցած մարտերի օրերին Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «գոհ կլինենք, եթե Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։ Հայաստանում և Արցախում շատերը դա ընկալեցին, որ Փաշինյանը Ադրբեջանի հետ պատրաստ է ստորագրել պայմանագիր՝ Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս։

Վերածննդի հրապարակի ցուցարարները նպատակ ունեն պաշտպանել Արցախի ինքնիշխանությունն ու պետականությունը։

Սետեմբերի 17-ին Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ին, ելնելով ստեղծված իրավիճակից, հանդես կգա տեսաուղերձով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն