«Սուրմալու»-ում վերստուգումներ տեղի չեն ունեցել տեսչական մարմնի գերծանրաբեռնվածության պատճառով․ ՔՀՏԱ տեսչական մարմին

Այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի («Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ)  պայթյունից հետո Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը (ՔՀՏԱ) հայտարարություն տարածեց՝ նշելով, որ տեսչական մարմինը 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում է իրականացրել և հայտնաբերել մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ։ 

Տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության շենքում հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր է տվել ընկերության տնօրինությանը, Տեսչական մարմնի կողմից տնօրինության նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի (Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով):

Այս հայտարարությունից հետո Infocom-ը գրավոր հարցում էր ուղարկել Տեսչական մարմին՝ հետաքրքրվելով, թե արդյոք «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք, ըստ ՔՏՀԱ օրենսդրության, կարող են հանգեցնել շենք և շինությունների շահագործման ամբողջովին կամ մասնակի դադարեցմանը։

ՔՏՀԱ-ից այս հարցին չեն պատասխանել՝ ներկայացնելով միայն այն խախտումները, որոնց մասին նշել էին օգոստոսի 14-ին հրապարակված հայտարարության մեջ։

Հետաքրքրվել էինք նաև՝ մարտ ամսին համապատասխան կարգադրագրեր տալուց և պատասխանատվության միջոց կիրառելուց հետո ՔՏՀԱ-ն վերստուգե՞լ է, թե արդյոք խախտումները վերացվել են, թե ոչ։ 

Ի պատասխան, տեսչական մարմինը հիշեցրել է ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքը, ըստ որի՝ միևնույն պետական մարմնի կողմից միևնույն բնագավառում ստուգումները բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ իրականացնում են ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ։ ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքը չի սահմանում վերստուգումներ իրականացնելու հստակ ժամկետներ․ «Ելնելով ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ՔՏՀԱ տեսչական մարմնի գերծանրաբեռնվածությունից, ստուգումների և ընթացիկ հրդեհատեխնիկական հետազոտությունների քանակից, հաշվի առնելով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ծավալը և սեղմ ժամկետները՝ սույն օբյեկտում նախորդ ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ 2021 թ․-ի ապրիլի 16-ին տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված վերստուգումը նախատեսված է եղել իրականացնել 2022 թ․-ի 3-րդ եռամսյակի վերջ։ Վերստուգման արդյունքների ամփոփումից հետո պարզ կլիներ, թե արդյոք նախորդ ստուգմամբ արձանագրված խախտումները վերացվել են, թե ոչ»։

Ըստ հարցման պատասխանի՝ խախտումները վերացված չլինելու դեպքում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կենթարկվեր վարչական պատասխանատվության` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասի (Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով):

Հարցման պատասխանում նշված է նաև, որ համաձայն ՀՀ Սահմանադրության որոշ հոդվածների և  «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի՝  Տեսչական մարմնի կողմից ձևավորվել է պրակտիկա, համաձայն որի՝ առաջին անգամ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերված իրավախախտումների համար տրվում է կարգադրագիր՝ հնարավորություն տալով սահմանված ժամկետներում վերացնելու իրավախախտումները (խոսքը չի վերաբերում տեխնիկական անվտանգության ոլորտի իրավախախտումներին)։

«Սահմանված ժամկետում հայտնաբերված իրավախախտումները չվերացնելու դեպքում որոշում է կայացվում տվյալ ընկերության աշխատանքը դադարեցնելու մասին՝ մինչև իրավախախտումների վերացումը։ Նշվածը պայմանավորված է ինչպես երկրի շուկայատնտեսական հարաբերություններով և այն փաստով, որ նմանատիպ ընկերություններից յուրաքանչյուրում մի քանի հարյուր աշխատատեղ կա և ընկերությունների աշխատանքների դադարեցման արդյունքում տվյալ աշխատողները կհայտնվեն հարկադիր պարապուրդի մեջ, այնպես էլ ՝ մարդկանց անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ»։ 

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով զոհվել է 17 քաղաքացի, տասնյակ քաղաքացիներ վիրավորում են ստացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն