Մարտի 15
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարում, որում նշված է․ «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ»։
Ավելի ուշ գրում է․ «Ժողովուրդ ջան, հեռախոսս գողացել են։ Ես շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։ Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար։ Մեղավորներն անպայման կպատժվեն»։
Մարտի 20
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ճշտում ենք, որ Արամ Մանուկյանի հրապարակման հիման վրա մարտի 17-ից նյութեր են նախապատրաստվում։
Մարտի 17- ապրիլի 20
Թեման ամենօրյա լրահոսի մեջ մոռացվում է, լրատվականները, այդ թվում՝ մենք, դրան այլևս չենք անդրադառնում։
Ապրիլի 18
ՊՎԾ տնօրեն Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը
Արամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Կա՛մ Դավիթի մեղքը ապացուցում եք օբյեկտիվ, լրիվ, համակողմանի քննությամբ, կա՛մ ԱԱԾ տնօրենը հրաժարական է տալիս։ Ուրիշ տարբերակ չկա»։ Ապա նաև․ «Դավիթ Սանասարյան, հրաժարական չտաս հանկարծ»։
Ապրիլի 19
Արամ Մանուկյանը տարածում է «Կա՛մ Դավիթը գնում է բանտ, կա՛մ ԱԱԾ տնօրենը՝ տուն. Նորայր Նորիկյան» նյութը՝ գրելով «Լավն էր»։
Ապրիլի 20
Araratnews.am-ը գրում է․ «Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից Araratnews.am-ը տեղեկացավ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հ. 1-ին մասի 1-ին կետի հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին և օրինականությունը ստուգելու համար ուղարկվել է դատախազություն»։
Այս հոդվածը սահմանում է․
Հոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:
Այլ կերպ ասած՝ դեպքը տեղի չի ունեցել։
Araratnews.am կայքի գլխավոր խմբագիրն Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը։ Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր հենց ինքը՝ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս էլ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մտերիմ ընկերն է։
Նույն օրը
Մենք Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից տեղեկանում ենք, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվել է դեռևս մարտի 27-ին։
