Ռուսաստանը «կարող է վերանայել» ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, եթե ՄԱԿ-ը անօդաչուների հարցով փորձագետներ ուղարկի Ուկրաինա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը կարող է վերանայվել, եթե կազմակերպությունն իր փորձագետներին ուղարկի Ուկրաինա՝ ուսումնասիրելու խոցված անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանը օգտագործում է միայն սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ «Մենք ունենք անօդաչու թռչող սարքերի արտադրության մեր արդյունաբերությունը, ուստի բոլոր մեղադրանքները մնում են մեր արևմտյան գործընկերների խղճին», – լրագրողներին ասել է Պոլյանսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո, որտեղ մեղադրանքներ են հնչել Իրանից անօդաչու թռչող սարքերի մատակարարումների վերաբերյալ։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ մտադիր է մասնագետների թիմ ուղարկել Ուկրաինա՝ հաստատելու անօդաչու թռչող սարքերի պատկանելիությունը, որոնց միջոցով Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցնում ուկրաինական ենթակառուցվածքներին։

Կիևում և Արևմուտքում պնդում են, որ այդ անօդաչուները Ռուսաստանի Դաշնություն են մատակարարվում Իրանից։ Թեհրանն ու Մոսկվան հերքում են այդ մեղադրանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն