aysor.am։ Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քվեարկությամբ ընդունվեցին նախորդ նիստերում քննարկված օրինագծերը և նախորդ շաբաթից մեկնարկած ԱԺ հերթական նիստի օրակարգն սպառվեց։
Մասնավորապես, երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Քվեարկությամբ այսօր ընդունվեց նաև «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։