1in.am։ «Բոլոր պայմանները ստեղծված են, որ ՔԿՀ-ներում ժամանակ անցկացնելով` մարդիկ դառնան ավելի ու ավելի հանցավոր վարքագծի կրողներ, ամեն ինչ արված է դրա համար, ոչ մի շանս չի թողնված»,- այս մասին նախօրեին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Գերմարդկային ճիգեր են պետք, որ ՔԿՀ-ում հայտնված մարդն այնտեղից դուրս չգա որպես պրոֆեսիոնալ հանցագործ, և սա շատ լուրջ խնդիր է: Սա կապված է ՔԿ ծառայությունում տիրող փիլիսոփայության հետ, սա շատ կարևոր խնդիր է, պետք է արդեն մտածենք արդյունքներ արձանագրելու մասին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համաձայն է այս գնահատականների հետ և կարծում է, որ այն ծնող մի շարք պատճառներ կան, իսկ դրանք վերացնելու համար բավական լուրջ աշխատանք է պետք անել։
Առաջին պատճառներից մեկը կադրերի, անձնակազմի խնդիրն է, որը տարիներ շարունակ գործել է քրեական մշակույթի հետ սերտաճած վիճակով։ Այսօր արմատապես պետք է փոխել այդ մարդկանց, կադրերին, քանի որ քրեական մշակույթ կրողների, հիերարխիկ հարաբերությունների դեմ պայքարը, ըստ իրավապաշտպանի, անհնար է։ Բացի կադրերի փոփոխությունը, Սաքունցի խոսքերով, հաջորդ խնդիրը կադրերի պատրաստվածությունն ու նրանց պատշաճ աշխատավարձով ապահովելն ու սոցիալական երաշխիքներ տալն է, քանի որ առանց դրա որակյալ կադրեր ՔԿՀ-ներում չեն գնա ու աշխատի։ «Հաջորդը պետք է լինի արդյունավետ հսկողությունը ՔԿՀ-ների նկատմամբ, որը ներկա օրենսդրության շրջանակներում անհնար է։
Մասնավորապես, կա մոտեցում, որ պետք է դատական վերահսկողություն լինի, այլ ոչ թե դատախազական, որը ներկայումս կա, քանի որ մի կողմից դատախազությունը մեղադրանքի պաշտպանողն է դատարանում, մյուս կողմից՝ հսկողն է պատժի կրման վայրում՝ արդեն իսկ դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձանց պահման պայմանների նկատմամբ։ Իսկ այստեղ ակնհայտ կա շահերի բախում, քանի որ ինքը նույն մարդկանց մեղավոր է ճանաչել, և շատ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է միաժամանակ հանդես գալ այդ դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով։ Դրա համար պետք է լինի դատական վերահսկողություն»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև ներքին բողոքարկման մեխանիզմերի արդյունավետությունը, որովհետև ազատազրկված անձը չպետք է մտահոգված լինի, որ որևէ բողոք ներկայացնելու դեպքում կարող է ենթարկվել հետապնդումների։ «Պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարել նաև ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի առումով։ Օպերատիվ բաժինը, որը զբաղվում է ՔԿՀ-ներում հանցագործությունների վերահսկմամբ, ենթարկվում է հենց նույն ՔԿՀ վարչությանը։ ՔԿՎ-ն կամ պետք է առհասարակ չենթարկվի արդարադատության նախարարությանը, կամ ինչ-որ միջանկյալ էտապում ՔԿՎ-ն պետք է դիտարկվի որպես պետական մարմին և դրա ղեկավարին նշանակի պառլամենտը»,- ասաց Սաքունցը։