lragir.am: Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:
-Նախորդ շաբաթ ԱԺ-ում քննարկվել ցեմենտի մաքսատուրքի վերաբերյալ օրենքի նախագիծը, և մի ամբողջ խմբակցություն՝ ԲՀԿ-ն, լծված էր «Արարատ ցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու գործին։ Սա ի՞նչ է ցույց տալիս, որ մեզ մոտ բիզնեսն ու քաղաքականությունն այդպես էլ հնարավոր չեղա՞վ նույնիսկ հեղափոխությունից հետո տարանջատել։
-Ես համաձայն եմ այդ դիտարկման հետ։ Ընդհանրապես, երբ քաղաքական օրակարգեր են հնչում, դրանք ցանկությունների ժողովածուներ չեն, պետք է հարգանք դրսևորել դիմացինի աշխատանքի նկատմամբ և գոնե հետաքրքրվել, թե ինչի մասին է խոսքը։ Երբ մենք ասում էինք, որ նախքան ընտրությունները պետք է գնալ այն ճանապարհով, որ Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը փոփոխելու ճանապարհով և ապօրինի կուտակված սեփականությունը պաշտպանելու հետ կապված մոտիվացիան վերացնելու ճանապարհով, որպեսզի այդ ուժերը չհայտնվեն Ազգային ժողովում, կառավարման մարմիններում և քաղաքական թիմերը քաղաքացիներից որևէ ձևով ստացած մանդատը չծառայեցնեն անձնական շահերին, հավանաբար, այդ փուլում մարդիկ մտածում էին, որ դրանք հռչակագրային հայտարարություններ են։
Հիմա իրենք դրա հետևանքներն են տեսնելու և, խոշոր հաշվով, իրենք են ԱԺ-ում աշխատելու այդ մարդկանց հետ։ Բարին իրենց հետ, ես ուղղակի ցավում եմ, որ Ազգային ժողովում որակական առումով խոսակցությունները մեկ մակարդակ չբարձրացան, և էլ ավելի ցավով եմ արձանագրում, որ Սերժ Սարգսյանի ժամանակ գոնե բացահայտ չէին ասում՝ գործերս թողել եմ, եկել եմ ստեղ, Երևանի ցեմենտի գործարանի հետ պայմանավորվել եմ՝ կլինկերը ձեզնից կառնեմ։ Ես խոսում եմ ԱԺ ամբիոնից հնչած հայտարարությունների մասին։ Այսինքն՝ մի պատգամավորը կարող է հայացքով թեքվի դեպի մի ամբողջ խմբակցություն և ասի՝ Երևանի ցեմենտի գործարանի հետ պայմանավորվել եմ՝ հումքը ձեզնից կառնեմ, մյուս պատգամավորը կանգնի ասի՝ ընդունում եք, ընդունեք այդ օրենքը, մենք էլ կսկսենք կլինկերը ներկրել, հետո մեկն էլ ասի՝ գործերս թողել եկել եմ, որ էս մարդկանց բացատրեմ՝ ինչ են անում։ Աբսուրդ է սա, կրկես է։
-Կառավարության կառուցվածքի փոփոխությունները նույնպես ընդունվեցին ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ փոփոխությունները՝ հաշվի առնելով, որ կառավարությունը չհամաձայնեց ԱԱԾ-ին և ոստիկանությանը նախարարությունների կարգավիճակ տալու առաջարկին։
Ուժային կառույցների հետ կապված միանշանակ չի այդ հարցը։ Եթե խորհրդարանական վերահսկողության մասին է խոսքը, ապա կարող են այդ կառույցները խորհրդարանին հաշվետու լինեն օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններ անելու ճանապարհով։ Միանշանակ չէ, որ այդ կառույցները վարչապետին ենթակա չպետք է լինեն։ Անվտանգային համակարգի տրամաբանությունից է բխում, թե ինչպիսի անվտանգային համակարգ ենք մենք պատկերացնում։ Այս հարցում ես առավել շատ հակված եմ, որ դրանք չլինեն քաղաքական կառույցներ, չլինեն նախարարություններ, բայց ամեն դեպքում խորհրդարանական ընդդիմության տեսակետը նույնպես գոյության իրավունք ունի։ Մոտեցման հարց է, պետական ապարատի և պաշտպանական համակարգի մասին պատկերացումների հարց է։
Բայց ընդհանուր առմամբ, կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին կուզենայի խոսել. ընդհանրապես, ինչպե՞ս են աշխատում այսպիսի մեծ համակարգերի հետ։ Պետք է հասկանաս՝ ինչ ես ուզում անել, հետո պետք է հաշվես, թե դա անելու համար քեզ ինչ է պետք, հետո այդ պետք եղածից ինչքանն ունես և պակասն ինչպես ես լրացնում։ Հիմա, ըստ այդմ, կառավարությունն ունի ծրագիր, թեև շատ դժվար է դա ծրագիր կոչել։ Ամեն դեպքում, կա ծրագիր, պետք է կազմել միջնաժամկետ ծախսային ծրագրերը, դրանից բխում է, որ իրենց ինչ-որ X չափի ապարատ է պետք։ Կառավարությունը պետք է գնահատի, թե իրեն ինչ չափի ապարատ է պետք իր ուզած գործն անելու համար։ Հետո պետք է նաև գնահատի, թե մեր ունեցած ապարատն այդ պետք եղածի որ մասն է։ Կարող է պետք եղածի 120 տոկոսն է իր որակի և ֆունկցիոնալության առումով, կարող է 60 տոկոսն է։ Կարող է քանակական առումով երկու անգամ մեծ է, բայց որակական առումով կեսին էլ չի հասնում։ Այսինքն ֆունկցիոնալ վերլուծություն պետք է անել։ Այդ բոլոր հետազոտություններն ունենալուց հետո ինքը նոր պետք է գնա կառուցվածքային փոփոխությունների և օպտիմալացման ճանապարհով, այսինքն կրճատի այն բոլոր հաստիքները, որոնք այդ վերլուծության արդյունքում ավելորդ են ճանաչվել։ Միաժամանակ պետք է ստեղծի այն բոլոր հաստիքները, որոնք կապահովեն գործառույթների ամբողջականությունը, տեղեկատվության փոխանակման ամբողջականությունը, այսինքն շղթան կամբողջացնեն։ Հիմա մենք հարց ենք տալիս՝ ո՞ւր է այդ ֆունկցիոնալ վերլուծությունը, թե ինչ է պետք ձեզ այդ գործն անելու համար և ինչ կա իրականում։ Ասում են՝ կանենք։ Մենք էլ ասում ենք՝ եղբայր, եթե կանեք, բա ինչի՞ եք հակառակ կողմից սկսել։ Այդ հարցին պատասխան չկա։
Կա երկրորդ հարցը. այդ ապարատը իրենց կուսակցության գրասենյակից չեն բերել, այդ ապարատը բոլորին է պատկանում, դա հանրային կառավարման ապարատ է, և բոլորը դրա նկատմամբ հավասար իրավունքներ և դրանից հավասար շահեր ունեն։ Եթե իրենք չհամակարգված, տարերային կերպով այդ ապարատում փոփոխություններ են անում, դրա հետևանքները կրելու ենք մենք, կրելու է հաջորդ կառավարությունը, ՀՀ քաղաքացին։ Դրա համար այդ ապարատում փոփոխությունները պետք է լինեն խիստ հիմնավորված և հաշվարկված։ Պետք է սկսել դրանից, հասկանալ՝ ինչ ենք անում, դրա համար ինչ է պետք, ինչ կա հիմա և ոնց ենք վարվում եղածի հետ։ Այդ առաջին երեք շղթան թողել են, մատից հոտ քաշելով փոփոխությունների քաղաքականություն են տանում։
Շարունակությունը կարդացեք lragir.am-ում